Ամերիկյան Վաշինգթոն նահանգի դատարանի շենքում անհայտ անձը դանակով վնասվածք է հասցրել դատավոր Դեյվ Էդվարդսին, իսկ հետո կրակ է բացել` վիրավորելով շերիֆի կին օգնական Պոլի Դեւինին: Դեպքը տեղի է ունեցել Գրեյս Հարբոր շրջանի Մոնթեսանո քաղաքում: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց վիճակը բժիշկները բավարար են գնահատում:

Հանցագործ Մայքլ Թոմասին հաջողվել է լքել դատարանի շենքը մինչեւ ոստիկանների կողմից շենքի շրջափակումը: Փախուստի մեջ նա գտնվել է ընդամենը 2 ժամ, որից հետո ձերբակալվել է հարեւան Թամուոթեր քաղաքում:

Հանցագործի դրդապատճառները դեռեւս հաստատված չեն: Թոմասը դատարանում լսվող գործի հետ կապ չի ունեցել:

Սակայն հետաքրքիր է այլ փաստ. Հանցագործի հարձակմանը ենթարկված դատավոր Դեյվ Էդվարդսը մի քանի ամիս առաջ միացել էր խմբակային հայցին, որում դժգոհություն էր հայտնվում բյուջեի կրճատման առիթով, որը նպաստել է անվտանգության տրամադրման վատացմանը: «Ցանկացած մարդ կարող է դատարանի շենք մտնել զենքով», - պնդում էին հայցում, հաղորդում է «Վեստին»: