Աշխարհի վերջը կանխատեսած ամերիկացի Հարոլդ Քեմփինգը կաթված է ստացել, հավանաբար այն պատճառով, որ իր կանխատեսումները չեն իրականացել: 90-ամյա քարոզիչն այժմ հիվանդանոցում պառկած ափսոսում է, որ իզուր տեղն այդքան փող է ծախսել: Նա հայտարարել է, որ այդ զբաղմունքի նկատմամբ հետաքրքրությունը կորցրել է:
Քեմփինգը միլիոնավոր դոլարներ է ծախսել սպասվող ապոկալիպսիսի մասին իր կանխատեսումները տարածելու համար: Նա առաջին անգամ աշխարհի վերջը կանխատեսել էր 1992թ., հետո մի քանի անգամ տեղափոխել է Քրիստոսի գալստյան ամսաթիվը:
Նա նախազգուշացրել էր, որ 2011թ. մայիսի 21-ին, ժամը 18-ին երկիրը կրակով կպատվի, 200 մլն մարդու համար դրախտ էր կանխատեսել, իսկ երկրի մնացած 6,5 միլիարդ բնակիչների համար` անխուսափելի վախճան: Մարդկության ոչնչացման վերջին ամսաթիվը 2011թ. հոկտեմբերի 21-ն էր, գրում է argument.ru-ն:
«Պետք է անկեղծ խոստովանեմ, որ մենք աշխարհի շուտափույթ վախճանի մասին վկայող նոր փաստեր չունենք, - գրել է նա իր հետեւորդներին ուղղված կոչում: - Եվ թեպետ տարբեր ամսաթվեր են նշվում, ես դրա նկատմամբ հետաքրքրությունս կորցրել եմ»:
Քեմփինգի շատ հետեւորդներ հիասթափված են նրա կանխատեսումներից, հատկապես նրանք, ովքեր ապոկալիպսիսին սպասելով իրենց ողջ ունեցվածքը նվիրել են բարեգործությանը եւ ազատվել աշխատանքից, գրում է «Ռուսաստանի ձայնը»:




























