Նիգերիայում գերի վերցված անգլիացի ինժեներ Քրիս Մաքմանուսին եւ նրա իտալացի գործընկեր Ֆրանկո Լամոլինարին ազատելու բրիտանական գործողությունը տապալվել է: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը մեծ ցավակցությամբ հայտնել է, որ երկու գերիներն էլ զոհվել են:
Ըստ նրա` նիգերական եւ բրիտանական ուժերն սկսել են գերիների ազատագրման գործողությունները նրանց գտնվելու վայրի մասին ճշտված տեղեկություն ստանալուց հետո: Ամեն ինչ մատնանշում է, որ Քրիս Մաքմանուսը եւ Ֆրանկո Լամոլինարն սպանվել են առեւանգիչների կողմից դեռեւս այն բանից առաջ, երբ նրանց կարելի կլիներ ազատել: Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանն իր կողմից հայտնել է, որ Մաքմանուսի եւ Լամոլինարի առեւանգիչները ձերբակալված են:
Իտալական իշխանությունները զայրույթ են արտահայտել Մեծ Բրիտանիայի գործողությունների առիթով, որն իրենց չի տեղեկացրել նախատեսվող գործողության մասին: Հռոմից նույնիսկ կոչեր են հնչում Միացյալ Թագավորությունից իրենց դեսպանին հետ կանչելու մասին:
Երկու ինժեներներն առեւանգվել են զինված գրոհայինների կողմից 2011 թվականի մայիսի 12-ին` Նիգերիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բիրնին-Քեբբի քաղաքում: Նրանք մասնակցում էին Նիգերիայի Քեբբի նահանգում Կենտրոնական բանկի կառուցման աշխատանքներին: Առեւանգման պահին երկուսն էլ աշխատելիս են եղել իտալական B Stabilini շինարարական ընկերությունում, որը գտնվում է Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում: Եւս մեկ իտալացու հաջողվել է փախչել առեւանգման ժամանակ, հայտնում է NEWSru.com-ը:
Առեւանգումն իրականացրել են իսլամական «Բոքո հարամ» խմբավորման գրոհայինները, որոնք ենթադրվում է, որ կապ ունեն «Ալ Կաիդայի» հետ:



























