Եթե Իսլամաբադը չազատի «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի 3 այրիներին, ապա թալիբները կառավարության ներկայացուցիչների նկատմամբ կիրականացնեն ահաբեկչությունների եւ հարձակումների շարք:  Այս մասին հայտարարել է թալիբների ներկայացուցիչ Էհսանուլա Էհսանը: Ըստ նրա` ներկայացված պահանջի չկատարման դեպքում  կիրականացվեն հարձակումներ դատավորների, փաստաբանների եւ անվտանգության ծառայության ներկայացուցիչների վրա, որոնք այդ դատի  հետ առնչություն ունեն: 

Բեն Լադենի երեք այրիներին մեղադրանք է ներկայացված Պակիստանի տարածքում ապօրինի գտնվելու համար: Բեն Լադենի ոչնչացումից հետո պարզվել է, որ նա ապրել է Աբոթաբադում կանանց եւ մի քանի երեխաների հետ, որոնք հայտնվել են Պակիստանում առանց վիզաների: 2011 թվականի մայիսից «Ալ Կաիդայի» ղեկավարի այրիները եւ կանայք գտնվում են կալանքի տակ, հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:

Ուսամա բեն Լադենը, որին ԱՄՆ-ն  մեղադրում է 2001 թվականին Նյու Յորքում եւ Վաշինգթոնում կատարված ահաբեկչական հարձակումների մեջ, սպանվել է 2011 թվականի մայիսի 2-ի գիշերը` երկրի հյուսիսում գտնվող Աբոթաբադ պակիստանյան քաղաքում գտնվող տանը` ամերիկյան հատուկ նշանակության ջոկատի գործողության արդյունքում: