Ճապոնիայում 16 հազար մոմ են վառել ի հիշատակ 2011թ. աղետալի  երկրաշարժի եւ ցունամիի զոհերի: Մոմերը վառվել են մարտի 10-ին Օսակայի բուդդայական Սիտենոձի տաճարում:

Ինչպես  «Կիոդո» գործակալությանը հղում անելով հաղորդում է Lenta.ru-ն, զոհերի եւ անհետ կորածների հիշատակին կատարվող սգո արարողությունների մեծամասնությունը տեղի կունենա մարտի  11-ին` աղետի տարելիցի օրը:

Տեղական ժամանակով 14:46-ին նշանակված է լռության րոպե: Հենց այդ ժամին 2011թ. մարտի  11-ին Ճապոնիայում տեղի էր ունեցել  9 մագնիտուդ հզորությամբ ավերիչ երկրաշարժը, որիին հաջորդել էր ցունամին` մինչեւ 10 մ բարձրությամբ ալիքներով:

Լռության րոպե կհայտարարվի նաեւ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում, որտեղ երկրաշարժի արդյունքում մի շարք վթարներ էին տեղի ունեցել, ինչի հետեւանքով տարածքը ռադիոակտիվ վարակման էր ենթարկվել: Մարտի 11-ին ԱԷԿ-ի օպերատոր ընկերություն Տերսոն կրկին հրապարակավ ներողություն կխնդրի կայանի վթարների համար:

Ճապոնիայի կայսր Ակիհիտոն եւ երկրի վարչապետ Եսիհիկո Նոդան ներկա կգտնվեն Տոկիոյի ազգային թատրոնում կայանալիք սգո արարողությանը:

2011թ. հզորագույն երկրաշարժի արդյունքում զոհվել կամ անհետ կորել է շուրջ  19 հազար մարդ, փլվել է շուրջ  330 հազար շինություն: