Արթիկում «Աղա» ոսկու եւ հագուստի խանութ սրահի սեփականատեր, «Չամիչ» մականունով բիզնեսմեն Արմենուհի Աղաջանյանին չեն ձերբակալել: Այս մասին NEWS.am-ի Շիրակի թղթակցի հետ զրույցում նշեց Արմենուհի Աղաջանյանի տղան, հավելելով, որ իրենց խանութում, պարզապես, հարկային ստուգումներ են կատարվել եւ որեւէ մեկին, այդ թվում մորը, չեն ձերբակալել:

«Եկել ստուգումներ են անցկացրել, որ իբր ապօրինի բաներ գտնեն, ու թողել գնացել են: Այդքան բան: Մամուլում գրել են, իբր թե մորս ձերբակալել են, բայց էդպիսի բան չկա ընդհանրապես»,-ասաց Աղաջան Պետրոսյանը:

Նա հաստատեց իրենց եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» կոնյակի գործարանի տնօրեն Արծրուն Աղաջանյանի բարեկամական կապը, որի մասին եւս մամուլում գրվել էր. «Ի՞նչ կապ ունի, որ բարեկամներ ենք: Այդ հարկային ստուգումը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի իր մեջ, էդ մարդը հիմա նույնիսկ պատգամավոր չի, դա շուտ էր», -ասաց նա:

Ըստ Ա. Աղաջանյանի որդու` այդ ստուգումները կատարվում են տարին մեկ անգամ. «ՊԵԿ-ը գրություններ է իջեցնում, տալիս է հատուկ ծառայություններին, որոնք գնում ստուգումներ են իրականացնում տարբեր տեղերում, որպեսզի անօրինական բաներ հայտնաբերեն, բայց եկան, մի 6 ժամ ստուգում արեցին ոսկու բաժնում, փաստաթղթերը նայեցին ու գնացին: Ինչի՞ պետք է ձերբակալեին, որ որեւէ սխալ ու քրեական բան չկար»:

NEWS.am-ի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված եղել հատուկ ստուգումներ անցկացնելը, Աղաջանյանը պատասխանեց, որ ըստ ստուգումներ իրականացնողների, օպերատիվ տեղեկություններ են եղել, դրա համար են եկել ստուգումների:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մի շարք լրատվական կայքեր գրեցին, որ Արթիկ քաղաքում ձերբակալել են «Չամիչ» մականունով բիզնեսմեն Արմենուհի Աղաջանյանին, ում պատկանում է Արթիկ քաղաքի Բաղրամյան-19 հասցեում գտնվող «Աղա» ոսկու եւ հագուստի խանութ սրահը: Կայքերի փոխանցմամբ, հատուկ ջոկատայինները մտել են խանութ-սրահ, ստուգումներ իրականացրել, այնուհետ ոստիկանություն տարել գործարար ամուսիններին:

 

Էդվարդ Արզումանյան

Լուսանկարները` հեղինակի