Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունն ի սկզբանե ուներ զարգացման երկու ճանապարհ: Առաջինով, ինչն ընդունելի էր եւ Հայաստանի եւ միջազգային հանրության համար, այն չզարգացավ եւ Հայաստան-Թուրքիա սահմանը դեռ մնում է փակ:  Այդ մասին այսօր` մարտի 10-ին, ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում հայտարարեց Հայաստանի նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` երկրորդ ճանապարհը, որով զարգացավ այդ նախաձեռնությունը, նույնպես կարեւոր էր` մի քանի պատճառով.

«Առաջինը` ինչպես հստակ ցույց տվեցին վերջին իրադարձությունները, ամրապնդեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, երկրորդը` թույլ տվեց ամբողջ աշխարհին համոզվելու, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատելու միակ խոչընդոտը Անկարայում եւ մեկ այլ` իրեն մեջ գցող մայրաքաղաքում է, բայց ոչ Երեւանում, եւ երրորդը` պարտադրեց Թուրքիային ստորագրել միջազգային փաստաթուղթ, որը բացառում է հարաբերություններ հաստատելու որեւէ նախապայման»:

Սարգսյանը նաեւ ընդգծեց, որ չի նշում` ինչ նախապայման, քանի որ բոլորն էլ շատ լավ տեղյակ են` ինչի մասին է խոսքը:

Նախագահը նշեց, որ այս օրինակն ապացուցում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը եղել է խիստ սկզբունքային եւ հաշվարկված.  «Հետագայում եւս մենք հավատարիմ ենք լինելու այդ ուղեգծին: Շարունակելու ենք բարեխղճորեն կատարել մեր դաշնակցային եւ միջազգային պարտավորությունները, օգտագործելու ենք յուրաքանչյուր հնարավորություն միջազգային ներգրավմամբ մեր ազգային շահերն առաջ մղելու համար»: