Այսօր Հանրապետական կուսակցությունը միավորում է գործնական արդյունքների ձգտող համախոհների: Այս մասին այսօր` մարտի 10-ին, ՀՀԿ 13-րդ համագումարում ունեցած իր ելույթում ասաց ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը` շեշտելով, որ իրենց հետ են բոլորը, ովքեր ցանկանում են որեւէ բան փոխել մեր հայրենիքում եւ պատրաստ են հանուն դրա գիշեր-ցերեկ աշխատել: «Ընդ որում, մենք մեզ երբեք ամենագետի տեղ չենք դրել եւ անընդհատ համագործակցելու ենք հրավիրել դրան պատրաստ բոլոր ուժերին ու անհատներին: Այսօր մեր կուսակցության շարքերում միավորված են ամենատարբեր մարդիկ` բոլոր հնարավոր ոլորտներից: Մեզ հետ են, մեր կողքին են շինական եւ մշակ, գյուղացի եւ բանվոր, ձեռներեց եւ դասախոս, գիտնական եւ ծառայող` յուրաքանչյուրն իր տեղում եւ իր կարողությունների չափով նպաստելով Հայաստան երկրի եւ հասարակության ամրապնդմանը»,- նշել է ՀՀԿ նախագահը:

Անդրադառնալով իրենց կուսակցությանը «պախարակելուն»` երկրի նախագահը նշել է, որ այստեղ  ոչ թե գաղափարական հակադրումն ու բանավեճն է, այլ  իրենց կուսակցությանն եւ իրենց գաղափարների դեմ հասարակական պարզագույն հակակրանքի ու նախատրամադրվածության ստեղծումը.

«Այո՛, մենք կառավարող կուսակցություն ենք, որը գիտակցաբար եւ կամովին ստանձնել է պատասխանատվությունը մեր երկրում գոյություն ունեցող խնդիրները լուծելու ուղղությամբ ժողովրդական շարժումն առաջնորդելու համար: Գործ անողի թույլ տված սխալը հնարավոր է ուղղել: Այդ սխալը, անգամ որպես սխալ, շատ ավելի մեծ արժեք է, քան ոչինչ չանողների դատարկ ու ամուլ` թվացյալ ճիշտ ելույթները»,- նշել է երկրի նախագահը:

Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, ապա Սերժ Սարգսյանը իր ելույթում նշել է, որ իրենց պայպանել են այս երկրի կայունությունը մի քանի ճգնաժամերի պայմաններում եւ ամուր հիմքեր են գցել հետագա զարգացման համար: «Մենք բացել ենք քաղաքական համակարգը եւ մերժել ենք անհատապաշտ առաջնորդների ու մեծ փողի պարտադրանքն ու մենաշնորհը: Մենք փոխել ենք քննադատության մասին տարիներ շարունակ արմատավորված կարծրատիպերը, չենք ընդունել այլակարծության հանդեպ բացարձակ անհանդուրժողականությունն ու վերականգնել ենք ընդդիմախոսների` բարի նպատակ եւ ազնիվ մղումներ ունենալու իրավունքը: Մենք մերժել ենք հրապարակային հայհոյանքն իբրեւ քաղաքական երեւույթ եւ դեմ գնացել ազատ խոսքի, այդ թվում նաեւ լրագրողների հանդեպ բռնությունների` մասնավորապես ֆիզիկական բռնությունների, գարշելի երեւույթին»:

Այս ամենն ամփոփելով` ՀՀԿ առաջնորդն ասաց. «Այս ամենը եւ անցած տարիների ընթացքում մեր արածը մեզ թույլ են տալիս հպարտանալ անցած ճանապարհով: Հպարտանալ ու կրկին հրավիրել բոլոր հայրենասեր ուժերին եւ անհատներին` մեզ հետ համադրելու իրենց ուժերը:Այս հրավերը մեր ուժերի մեջ մեր վստահության ապացույցն է, որը մեզ թույլ է տալիս ամենայն համոզվածությամբ ասել`Հանրապետական լինելը պատասխանատվություն է, Հանրապետական լինելը պատիվ է, Հանրապետական լինելը հպարտություն է: Այս զգացումներով համակված ու տոգորված Հանրապետականը դեռ շատ անելիքներ ունի, նաեւ այն, ինչը չհասցրեցին անել Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանն ու Անդրանիկ Մարգարյանը»: