Հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ ծնվում է ազատ եւ պետք է հնարավորություն ունենա ազատ ապրելու եւ զարգանալու` հետապնդելով իր անձնական, ընտանեկան, հանրային եւ ազգային նպատակները: Այդ մասին, այսօր` մարտի 10-ին, ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ըստ նախագահի, նշված բոլոր մակարդակները կարեւոր են եւ փոխկապակցված. «Մարդը չի կարող լինել ազնիվ ու բարոյական մեկ մակարդակում` մյուս մակարդակի հաշվին: Մարդը չի կարող լինել ազնիվ ու բարոյական իր ընտանիքում` հանրության եւ ազգի հաշվին: Չի կարող ստեղծել իր անձնական եւ ընտանեկան երջանկությունը` կողոպտելով եւ հարստահարելով հանրությանը եւ ազգին: Եթե մեկը գողանում է հանրությունից ու ազգից, ապա նաեւ գողանում է անձամբ իրենից եւ իր ընտանիքից: Մենք հավատում ենք, որ մեր հասարակությունը պետք է զարգանա ազատ մրցակցության պայմաններում: Բայց ազատ մրցակցություն երբեք ու երբեք չի նշանակում մեծ փողի առավելություն եւ այդ մեծ փողով փոքր մրցակիցներին խեղդելու եւ կլանելու հնարավորություն:

Մենք հավատում ենք, որ մեր ազգային գոյությունը երաշխավորող հիմնական եւ ամենաամուր միջնաբերդը ընտանիքն է: Մեր մեր ավանդական եւ պահպանողական ընտանիքը, որտեղ երիտասարդները հարգում եւ լսում են ավագին, որի հենասյունն է կինը եւ մայրը: Սակայն «լսել» չի նշանակում լինել մեծերի պարտադրանքի պատանդ, իսկ «ընտանիքի հենասյուն» չի նշանակում խոհանոցի բանտարկյա: Դրա լավագույն ապացույցը ՀՀԿ շարքերում կանանց եւ երիտասարդների ներգրավման աճն է:

Համեմատելով մեր նախորդ համագումարների հետ` այս դահլիճում ավելի շատ  են երիտասարդներ ու կանայք: Եվ մենք ամեն ինչ անելու ենք նրանց մասնակցության ավելացման այս միտումը պահպանելու ու զարգացնելու համար: Մենք համադրելու ենք մեծերի փորձն ու գիտելիքը, երիտասարդների ավյունն ու կորովը եւ կանանց նվիրումն ու պահպանողականությունը, որպեսզի համատեղ կերտենք նոր Հայաստանը` բոլորի եւ յուրաքանչյուրի համար:

Մենք հավատում ենք, որ մեր հանրությունը շատ ավելին է, քան մարդկանց մեխանիկական համադրում: Մենք հավատում ենք, որ ազգը շատ ավելին է, քան հասարակական պայմանագրով միավորված ընդհանուր բնութագիր ունեցող մարդիկ: Մենք հավատում ենք, քանի որ այդ հասարակական պայմանագիրը ոչ այդքան տառի վրա է հիմնված եւ տառով է պայմանավորված, որքան այդ ազգի ոգով»: