Հայաստանի արտաքին քաղաքականությանը բնորոշ է տրամաբանված շարունակականություն, հստակություն եւ նախաձեռնողականություն: Այս մասին այսօր` մարտի 10-ին, ՀՀԿ 13-րդ համագումարում ունեցած իր ելույթում ասաց ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ մենք մշտապես հանդես ենք եկել որպես միջազգային հանրության պատասխանատու եւ կանխատեսելի անդամ, որը հպարտությամբ եւ պարտաճանաչությամբ կատարում է իր ստանձնած միջազգային հանձնառությունները: «Միեւնույն ժամանակ մենք հստակ գիտակցում ենք, որ աշխարհը մեր շուրջը ոչ թե ստատիկ է, այլ փոփոխական: Մեր դժվարին տարածաշրջանում, իսկ ավելի ճիշտ` մի քանի տարածաշրջանների այս բարդ խաչմերուկում, փոփոխությունները կարող են լինել սրընթաց: Ուստի եւ մենք զարգացնում ենք այդ նոր մարտահրավերներին ու հնարավորություններին հարմարվելու եւ համարժեքորեն արձագանքելու մեր կարողությունները: Ավելին, անհրաժեշտ է մշտապես ցուցաբերել սեփական նախաձեռնություն, որպեսզի չհայտնվես անընդհատ արձագանքողի դերում, այլ ինքդ էլ` որպես լիիրավ մասնակից, ներդրում ունենաս տարածաշրջանի եւ աշխարհի օրակարգի ձեւավորման գործում»,- ասաց Սերժ Սարգսյանը` նշելով, որ նման օրինակ էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կանոնակարգելու պաշտոնական Երեւանի նախաձեռնությունը:
Նրա խոսքով` Հայատանը պետք է լիիրավ մասնակցություն ու ներդրում ունենա տարածաշրջանի եւ աշխարհի օրակարգի ձեւավորման գործում:
«2007 թվականին Հայաստանի հանրապետական կուսակցությունը կրկին հաղթեց խորհրդարանական ընտրություններում «Քեզ համար Հայաստան» կարգախոսով: Այս տարիների ընթացքում հենց Հայաստանն է եղել գերագույն արժեքը մեր գործունեության եւ բոլոր մեր նախաձեռնությունների համար: Հինգ տարի շարունակ մենք ամրացրել ենք մեր պետականությունը, ավելացրել նրա պաշտպանողական ունակություններն ու ճկունության մակարդակը: Եվ դա իրողություն է իրականացվող քաղաքականության բոլոր հիմնական ոլորտների համար»,- ասաց հանրապետության ղեկավարն ու նշեց, որ անցնող տարիներին այդ կարգախոսով առաջնորդվել են նաեւ աշխարհի հետ մեր շփումներում:




























