Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմքում լինելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, եւ մենք չենք թուլացնելու մեր զգոնությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Այդ մասին այսօր` մարտի 10-ին ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք չենք թուլացնելու մեր զգոնությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Արցախը եղել է, կա եւ լինելու է հայկական: Հայաստանի Հանրապետությունը ցուցաբերել է և շարունակելու է ցուցաբերել համակողմանի աջակցություն Արցախի քաղաքական ու տնտեսական զարգացմանը: Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հիմքում լինելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, եւ մենք շարունակելու ենք աշխատանքները ընթացող բանակցություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը որպես լիիրավ կողմ ներգրավելու համար: Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ջանքերն ուղղվելու են միջազգային կազմակերպություններում խնդրի ուժային լուծումը բացառող որոշումների ընդունմանը»:
Նախագահը նաեւ ընդգծեց, որ թշնամական ոտնձգությունների կանխարգելման համար միայն դիվանագիտական ջանքերը բավարար չեն: Այս ընթացքում հզորացվել է պաշտպանական ներուժը:
«Ներդրվել են ինչպես ներկրված, այնպես էլ սեփական արտադրության սպառազինություն եւ տեխնիկա, երկիրն այսօր հավանական հակառակորդին զսպելու բավարար ուժ եւ միջոցներ ունի: Մենք շարունակելու ենք մեր պաշտպանական ներուժը համապատասխանեցնել արհեստավարժության, կարգապահության, թափանցիկության եւ վերահսկելիության արդիական չափանիշներին: Բանակը օրինակելի է դառնալու նաև հասարակության համար: Բոլոր ներկա միտումները եւս վկայում են, որ մենք նման չափանիշների շատ շուտ ենք հասնելու»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:




























