Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները ավանդաբար ջերմ են եւ շարունակում են դինամիկ զարգանալ:  Այս մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարում հայտարարել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից համագումարի հյուր, բեւեռային հետախույզ եւ հայկական ծագմամբ Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովը: Համագումարի մասնակիցներին շնորհավորելով եւ հաջող աշխատանք մաղթելով` նա ընթերցել է ՌԴ նորընտիր նախագահ,  «Եդինայա Ռոսիա»  կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքը.

«Անկեղծորեն ողջունում եմ համագումարի բոլոր մասնակիցներին եւ հյուրերին: Ձեր կուսակցությունը, լինելով երկրի քաղաքական առաջատար ուժը, քաղաքական մեծ ավանդ է ներդնում Հայաստանի զարգացման գործում, վաստակած հեղինակություն է վայելում բնակչության շրջանում, մշտապես աջակցում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական եւ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը:  Մեր միջկուսակցական արդյունավետ երկխոսությունը տարվում է հարցերի ամենալայն շրջանակով, ներառյալ օրենսդրական գործունեությունը: Համագումարին հաջողություն եմ մաղթում: Վստահ եմ, դրա ընթացքում հայ հասարակության առջեւ ծառացած մասշտաբային խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներ կտարվեն», – ասված է ուղերձում:

Ա. Չիլինգարովը հիշեցրել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը ջերմ շնորհավորել են Վլադիմիր Պուտինին մարտի 4-ի նախագահական ընտրությունների համոզիչ հաղթանակի առթիվ: «Ռուսաստանի քաղաքացիների ընտրությունը երաշխավորում է նաեւ հայ-ռուսական հարաբերությունների կայուն զարգացումը: Ռուսաստանի Հայերի միության (Արա Աբրահամյանը Վ. Պուտինի վստահված անձն էր) գլխավորությամբ  Ռուսաստանում քվեարկած հայերը 100%-ով քվեարկել են Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի օգտին», – ավելացրել է Ա. Չիլինգարովը:

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը, ավելացրել է նա, զարգանում է նաեւ տնտեսական ոլորտում: Այս տարի նախատեսված է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ կայանի լիարժեք շահագործումը, արվել են հստակ առաջարկություններ նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ, աճում է հետաքրքրությունը գյուղատնտեսական համագործակցության նկատմամբ: «Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Հայաստանի նախագահին այն աշխատանքի համար, որը մշտապես տարվում է Ռուսաստանի հայկական սփյուռքի հետ», – հայտարարել է Ա. Չիլինգարովը:

Պուտինն իր ուղերձում հիշատակել է նաեւ Հայաստանում մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին, հույս հայտնելով, որ ՀՀԿ-ն այդ ընտրություններում կհաղթի: