Երեւանում մարտի 11-ին տեղի կունենա միջոցառում, որը նվիրված է Ճապոնիայի ողբերգության` երկրաշարժի, ցունամիի «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վթարի տարելիցին: Հիշատակի երեկոն կկրի «Քեզ հետ, Ճապոնիա» անվանումը:

Միջոցառումը տեղի կունենա Կամերային երաժշտության տանը ժամը  17.00-ին: 

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, միջոցառումը կազմակերպել է Հայաստանի ԱԳՆ-ն` Միջազգային մշակութային բանկի հետ համատեղ: Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Սպասվում է, որ այդ օրը Երեւանում կգտնվի նաեւ ճապոնացի հայտնի ջութակահար Քեն Այսոն, որը նախատեսում է այցելել Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան:

2011թ. մարտի 11-ին տեղական ժամանակով ժամը 14:46-ին Տոկիոյից 231 կմ հյուսիս-արեւելք Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցավ 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Մասնագետների կարծիքով` այդ երկրաշարժը հզորությամբ աշխարհում  հինգերորդն էր (1900թ.-ից ի վեր) եւ հզորագույնը Ճապոնիայում երբեւէ տեղի ունեցածներից: Երկրաշարժից հետո մեկ ժամվա ընթացքում ցունամիի հսկայական ալիքները ողողում էին Ճապոնիայի ափերը` սրբելով պատահած ամեն ինչ` մեքենաներ, մոտորանավեր  եւ գնացքներ, քանդելով շինությունները, ճանապարհներն ու կամուրջները: Երկրաշարժը նաեւ «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում վթարի պատճառ էր դարձել: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, հարյուր-հազարավորները մնացին անապաստան:

Ճապոնիայի տնտեսությանն աղետը հսկայական վնաս հասցրեց: Հայաստանը, ինչպես նաեւ շատ այլ երկրներ, աղետից տուժած Ճապոնիային հնարավորության չափով  օգնություն ցուցաբերեցին: