Կարճաժամկետ հեռանկարում ոստիկանության, դատախազության եւ դատարանների գործունեությունը պետք է կոչված լինի ապահովել ցանկացած անձի իրավունքների եւ շահերի համակողմանի պաշտպանությունը, երաշխավորել հասարակության ամեն մի անդամի համար արդարադատության մատչելիությունը եւ յուրաքանչյուր վեճի արդարացի լուծումը: Այս մասին այսօր` մարտի 10-ին, ՀՀԿ 13-րդ համագումարում ասցա Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով դատաիրավական համակարգի բարեփոխումներին` երկրի ղեկավարը նշեց. «Այս ոլորտում արդյունքներն արդեն իսկ տեսանելի են դառնում: Ընդ որում, խոսքը միայն հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում իրականացված ինստիտուցիոնալ ու օրենսդրական փոփոխությունների ծավալի մասին չէ, ոչ էլ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ միջազգային կառույցների` կարծես թե արդեն օրինաչափ դարձած դրական արձագանքների մասին: Շատ ավելի կարեւոր է այն մթնոլորտը, որը նպաստում է ոստիկանության, դատախազության, իրավապահպան այլ մարմինների եւ դատարանների պրակտիկայի փոփոխությանն ու իրավակիրառական նոր մշակույթի ձեւավորմանը»:

Հանրապետության նախագահի խոսքով` դատաիրավական համակարգի փոփոխությունների գործընթացում սա «որակապես նոր արդյունք է, որը թույլ է տալիս կոտրել հանրության մեջ այդ մարմինների վերաբերյալ ձեւավորված ոչ միանշանակ, հաճախ նաեւ արդարացի կարծրատիպերը, բայց  այս նվաճումը գերկարեւոր, սակայն միջանկյալ արդյունք է»: