Մենք կարիք ունենք տնտեսական աճի նպատակադրումներից անցնել տնտեսական զարգացման հայեցակարգին: Այս մասին այսօր` մարտի 10-ին, ՀՀԿ 13-րդ համագումարում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` հավելելով, որ մեզ տնտեսական աճից բացի եւ գուցե ավելի շատ տնտեսական զարգացում է հարկավոր:

«Տնտեսական աճը մեր խնդիրները չի լուծի, եթե այն չի հիմնվում տնտեսության նոր ոլորտների, գործունեության նոր տեսակների, նոր ձեռնարկությունների, նոր ապրանքների ու ծառայությունների արտադրության վրա` մանավանդ, որ էքստենսիվ զարգացման հնարավորությունները գնալով սպառվում են: Այդ գործընթացում պետք է ազատորեն ընդգրկվեն բոլոր կարող մարդիկ, եւ դրա համար որեւէ հովանավորչության կարիք չպետք է լինի: Պետությունն իր վարած քաղաքականությամբ պետք է դառնա բոլորի հովանավորը` հավասարապես: Այս գիտակցությամբ ենք մենք գնում համակարգային փոփոխությունների ու վերափոխման: Այս գործընթացը օբյեկտիվ է, անխուսափելի եւ վեր որեւէ քաղաքական ուժի նկրտումներից: Ապագան վերափոխում ապահովող ուժինն է»,- հայտարարեց նախագահ Սարգսյանը: Նրա խոսքով` ՀՀԿ-ն ստանձնել է այդ ապագայի կերտման առաջնորդությունը. «Մեր կուսակցությունը պատմական առաքելություն է ստանձնել առաջնորդելու Հայաստանի վերափոխումը: Մենք մեծ կուսակցություն ենք, տասնյակ հազարավոր մարդիկ են մեր շարքերում: Ժամն է, որ ավելացնենք ու նորացնենք մեր որակները: Մեր գործունեության արդյունքում փոխվում է մեր հասարակությունը եւ երկիրը, ուստի եւ ինքներս պետք է կարողանանք փոխվել: Որպես ուժեղ, մեծ եւ ժողովրդական կուսակցություն` մենք պետք է ընդունենք այս մարտահրավերը, մեր տնտեսական օրակարգում ազատորեն ընդգրկենք յուրաքանչյուր նոր նախաձեռնություն, որը բխում է մեր ազգային շահերից, մեր ժողովրդի եւ քաղաքացիների առօրյա խնդիրներից ու պահանջներից: Սա է մեր կուսակցության այսօրվա անելիքը»:

«Չեմ ցանկանում նսեմացնել, թերագնահատել կամ ստվերել Հայաստանում գործող որեւէ ազնիվ եւ ազգային շահին ուղղված քաղաքական ուժի եւ կուսակցության գործունեություն: Ավելին, ուրախ եմ, որ մեր քաղաքական կյանքը բազմազան է: Սակայն, մեր կուսակցությունն է, որ իր կարողություններով ու հնարավորություններով ունակ է շարունակել առաջնորդել դեպի նոր տնտեսական քաղաքականություն եւ հարաբերություններ, դեպի նոր փոփոխություններ ու արդիականացում»,- նշել է նա:

Նախագահի խոսքով` մենք կախված ենք համաշխարհային զարգացումներից, ինչպես եւ բազում երկրներ: «Ավելին, մեր երկրի դեպքում էլ ուղղակի կապ կա տնտեսական աճի եւ արտերկրից եկող դրամական փոխանցումների մեծության միջեւ: Այո´, ցավոք սրտի այսօր Հայաստանում տնտեսական աճը կամ անկումը էապես արտաքին գործոնների ազդեցությունն են կրում: Ապագայում դրանից խուսափելու համար այսօր պետք է ստեղծել վաղվա տնտեսությունը, ինչը պահանջում է փոխել եւ արդիականացնել կառավարման ու կարգավորման մեխանիզմները»,- ասաց երկրի ղեկավարը: