Պետք է շարունակենք բարձրացնել Հայաստանի վարկն ու հեղինակությունը տարածաշրջանում  եւ աշխարհում, ունենալ ավելի մեծ քաղաքական կշիռ: Այս մասին այսօր` մարտի 10-ին, ՀՀԿ 13-րդ համագումարում ասել է Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը` նշելով, որ մեզնից պահանջվում է, որ մեր որդեգրած ճանապարհով ամեն օր առաջ գնանք: «Ու մենք արագացնելու ենք մեր ընթացքը, որքան էլ մեծ լինի դիմադրությունը: Ակնհայտ է, որ կա դիմադրություն, երբ այսրոպեական շահն ավելի կարեւոր է դասվում, քան մեծ նպատակները: Բայց մենք հաղթահարելու ենք այդ դիմադրությունը, որովհետեւ մենք շատ ենք եւ ուժեղ, իսկ բացահայտ պայքարի դուրս գալը մեր որդեգրած` իսկապես համազգային նպատակների դեմ, դժվար է»,- ասել է նա:

Նախագահի խոսքով`  ընտրությունները, խորհրդարաններն ու կառավարությունները գործիքներ են այդ նպատակների իրագործման ճանապարհին:

«Օտարների կողմից Հայաստանի եւ նրա քաղաքացիների նկատմամբ ավելի մեծ հարգանքը պայմանավորված է առաջին հերթին մեզանով, մեր ունեցած հարգանքով` մեր պետութան, օրենքների եւ քաղաքացիների հանդեպ: Այս պարզ ճշմարտությունը մոռանալով` մենք ոչնչի չենք հասնի: Հիշելով եւ կիրառելով` մենք կվերափոխենք մեր երկիրը: Ավելին` կվերափոխենք այնպիսի արագությամբ, որ կհարուցի մեր իսկ զարմանքն ու հիացմունքը: Մենք պետք է հաղթահարենք այն քաղցկեղը, որով հիվանդ է մեր հասարակությունը եւ որը կոչվում է կաշառակերություն: Այս ճանապարհին կիրառվելու են եւ´ վիրահատական, եւ´ մյուս բոլոր օրինական մեթոդները»,- շեշտելէ նախագահը:

Նախագահը նշել է, որ իր թվարկած նպատակները, այդ թվում եւ երկրի տնտեսական զարգացումը, սերտորեն շաղկապված են միմյանց. «Հայաստանի նոր դեմքն ու նկարագիրը կերտելու պատմական հնարավորությունը մեր ձեռքերում է, առանց չափազանցության` մեզանից յուրաքանչյուրի ձեռքերում: Եվ մենք դա անելու ենք: Բնականոն ընտրություններն արմատական փոփոխությունների անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն են: Կրկնում եմ. ավելի առանցքային են այն նպատակները, որոնց մենք հետամուտ ենք որպես ազգ եւ պետություն: Քաղաքական եւ տնտեսական ազատությունները մի կողմից, կարգապահությունն ու խստապահանջությունը` մյուս կողմից, մեզ համար ապահովելու են համակողմանի զարգացման նոր հնարավորություններ: Ահա մեր ռեսուրսը»:

Նախագահը ընդգծել է  մեկ այլ նպատակ, որին հատուկ անդրադարձել է: «Այսօր Հայաստանի եւ հայության դեմ աշխարհում ծավալված է լայնամասշտաբ քարոզչական պատերազմ: Այդ պատերազմը հատկապես կատաղի բնույթ է ստանում, երբ մենք հաջողություններ ենք ունենում տարբեր ոլորտներում կամ զարգացումներ են արձանագրվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ասպարեզում: Մենք որեւէ պետության կամ ժողովրդի դեմ քարոզարշավ չենք վարում, բայց կանգած ենք մեր դեմ ուղղված թշնամանքի ալիքի դեմ: Ներկա աշխարհում այս ալիքին կարող է դիմակայել միմիայն այն Հայաստանը, որը ժողովրդավարական է: Այս ալիքի դեմ մենք պետք է հանենք Հայաստանի նոր կերպարը` ավելի ազատ, ուրեմն եւ` ավելի ուժեղ Հայաստանի կերպարը: Ինչպե՞ս կարելի է հիանալ ֆրանսիական ժողովրդավարությամբ, եթե դու ինքդ չունես նման նպատակներ, եթե ինքդ նման արժեքների չես դավանում կամ չես պայքարում հանուն դրանց»: