Մոսկվայում ընդդիմության Նոր Արբատում տեղի ունեցող հանրահավաքն սկսվել է քաղբանտարկյալների նկատմամբ հետապնդումները դադարեցնելու թեմայով: Այն անցկացվում է «Սա ընտրություն չէ, սա նախագահ չէ» կարգախոսով:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` ակցիայի անցկացման վայրում իրավապահ ուժերի մեծ թվով ներկայացուցիչներ են ներկա: Երկնքում ոստիկանական ուղղաթիռ է հերթապահում:

Գործարար Ալեքսեյ Կոզլովին աջակցելու կոչով (լրագրող Օլգա Պոմանովայի ամուսնուն)  ելույթ են ունեցել հենց Օլգա Պոմանովան, ինչպես նաեւ լրագրողներ Սերգեյ Պարխոմենկոն եւ Զոյա Սվետովան: Նրանք կոչ են արել մարտի 11-ին հավաքվել  Պրեսնենսյան դատարանի առաջ, որտեղ կայացվելու է գործարարի դատավճիռը, ինչպես նաեւ 100 հազար ստորագրություններ հավաքել քաղբանտարկյալների օգտին: 

Վլադիմիր Ռիժկովը հրապարակել է ցույցի բանաձեւը. դադարեցնել Ալեքսեյ Կոզլովի հետապնդումները եւ դատական լայնածավալ բարեփոխում անցկացնել: Հանրահավաքի հեռարձակումն իրականացնում է «Դոժդ» հեռուստաալիքը:

Լրագրողուհի Օլգա Ռոմանովայի ամուսին Ալեքսեյ Կոզլովը 2009 թվականին դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման. նրան մեղավոր են ճանաչել նախկին գործընկեր Վլադիմիր Սլուցկերից  բաժնետոմսերը խլելու մեջ: Ըստ գործարարի պաշտպանների` այդ գործը պատվիրված բնույթ է կրում:

Մոսկվայի ՆԳՆ-ում հայտնել են, որ 13.30-ի դրությամբ Նոր Արբատում հանրահավաքի մասնակիցների թիվը հասել է շուրջ 8 հազարի: Հանրահավաքի կազմակերպիչ Սերգեյ Ուդալցովը հայտնել է, որ ակցիային մոտ 30 հազար մարդ է հավաքվել: Ավելի վաղ նախատեսվել էր, որ ցույցին կմասնակցի մինչեւ 50 հազար մարդ: