Եգիպտոսում մարտի 10-ին սկսվել է երկրի նախագահի թեկնածուների գրանցումը, որը պետք է ընտրվի մայիսի 23-ին:

Ընտրությունների մասնակիցները պետք է առաջադրված լինեն խորհրդարանի առնվազն 30 կուսակցության կամ 30 հազար ընտրողների կողմից: Գրանցման գործընթացը կավարտվի ապրիլի 8-ին, որից հետո կսկսվի նախընտրական քարոզարշավը:

Ինչպես հայտնում է եգիպտական հեռուստաընկերությունը, Եգիպտոսում նախագահական ընտրություններին մասնակցության առաջին հայտը ներկայացրել է երկրի նախկին վարչապետ, նախկին  զինվորական Ահմեդ Շաֆիկը:  

Ահմեդ Շաֆիկը 1990-ականների վերջին զբաղեցրել է Եգիպտոսի ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնը: 2002 թվականին նա նշանակվել է քաղաքացիական ավիացիայի նախարար: 2011 թվականի հունվարին նախագահ Հոսնի Մուբարաքը  ցրել է Ահմեդ Նազիֆի կառավարությունը եւ Ահմեդ Շաֆիկին է հրահանգել ձեւավորել նոր կառավարություն երկրում աճող ներքին ճգնաժամի պայմաններում: Շաֆիկը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել 2011 թվականի մարտին` Մուբարաքի վարչակարգի տապալումից հետո, ժողովրդական դժգոհությունների հետեւանքով, հիշեցնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընտրություններին նախատեսում են մասնակցել նաեւ այնպիսի հայտնի թեկնածուներ, ինչպիսիք եգիպտական դիվանագիտության վետերան, ԱՊԼ-ի նախկին ղեկավար Ամր Մուսան, «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական շարժման նախկին անդամ Աբդել Աբու ալ Ֆութուհը: Նոբելյան մրցանակակիր եւ ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Մոհամեդ ալ Բարադեյը հրաժարվել է  նախագահական ընտրություններին մասնակցելուց` բողոքելով երկրում ժողովրդավարության բացակայության դեմ: