Ռուսաստանում Մոսկվայի Խնայբանկի մասնաճյուղերից մեկում կողոպուտ է տեղի ունեցել, գողերը տարել են 20 մլն ռուբլի (676 000 դոլար) պարունակող գանձարանը:

Կողոպուտը կատարվել է մարտի 10-ի գիշերը: Ինչպես հայտնի է դարձել Life News-ին, գողերը միանգամայն հիմնավոր են գործել. Նրանք կարողացել են անջատել ազդանշանային համակարգը, բանկի դուռը եւ պահարանի գաղտնարանը չեն կոտրել, այլ զգուշությամբ բացել են:

Այս մանրամասները իրավապահներին թույլ է տալիս եզրակացնել, որ գողերն իմացել են ազդանշանային համակարգի գաղտնագիրը, ինչն էլ հավանական է դարձնում այն, որ կողոպուտին մասնակցել են բանկի աշխատակիցներ:

Այժմ ոստիկանությունը ստուգում է բոլոր նախկին եւ ներկա աշխատակիցներին: «Հնարավոր է, նրանք միայն միջնորդ են եղել: Իսկ գումարը տարել են փորձառու գողերը, որոնք ընդունակ են գործել հանգիստ, առանց հետքեր թողնելու», - ենթադրում են ոստիկանները: