Մոսկվայում ավարտվել է ընդդիմության հանրահավաքը, որն անց էր կացվում «Սա ընտրություն չէ, սա նախագահ չէ» կարգախոսով:

Կազմակերպիչների գնահատականով` ակցիային 25-30 հազար մարդ է մասնակցել: ՆԳՆ Մոսկվայի ԳՎ-ում նշվում է 10 հազար մասնակիցների մասին:

Հանրահավաքին ելույթ ունենալով` «Գոլոս» ասոցիացիայի ղեկավար Գրիգորի Մելքոնյանցը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի օգտին ձայների իրական քանակի մասին կարելի է դատել Մոսկվայի քվեարկության արդյունքներով: Մայրաքաղաքում, ինչպես նշել է Մելքոնյանցը, Վլադիմիր Պուտինի ցուցանիշը 50%-ից ցածր է եղել, եւ այդ պատճառով ընտրությունների երկրորդ փուլ էր հարկավոր անցկացնել:

«Սոլիդարնոստ» շարժման համանախագահ Գարի Կասպարովը Ռուսաստանի նախագահի ընտրություններն անվանել է «հատուկ գործողություն»: Բայց, հայտնել է նա, «Մոսկվան արցունքներին չի հավատում»` հիշեցնելով ընտրություններից անմիջապես հետո Պուտինի ելույթը համակիրների առջեւ:   «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը պատմել է, որ ինքը եւս մարտի  4-ի ընտրություններում դիտորդ է եղել եւ միանգամայն հիմնավորված կարող է ասել, որ «ոչ մի ընտրություն էլ չի եղել»: «Մարտի չորսին մեզ բոլորիս կողոպտեցին»,  - ասել է Ուդալցովը` այդ օրը տեղի ունեցածը որակելով իբրեւ «խաբեբաների ու գողերի օրգիա», եւ կոչ է արել Կրեմլը մաքրել այդ աղբից:

Նա կոչ է արել մայիսի 1-ին  «միլիոնների երթ» կազմակերպել:

Նրանից հետո Վլադիմիր Ռիժկովը հավելել է, որ հանրահավաքի անցկացման լավ ամսաթիվ է նաեւ մայիսի 7-ը. Այդ օրը նշանակված է ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը: Ռիժկովը խոստացել է նաեւ հետագա միջոցառումները քննարկել «Հանուն արդար ընտրությունների» շարժման կողմնակիցների հետ, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, ակցիայի ընթացքում հանրահավաքի տարածքը լքել է ազգայնականների խումբը: Ազգայնականների առաջնորդ Դմիտրի Դեմուշկինը համախոհների գործողությունները բացատրել է նրանով, որ  «լիբերալները միացել են բողոքին», եւ ազգայնականները իմաստ չեն տեսնում հետագա մասնակցության մեջ:

Ավելի ուշ ՆԳՆ-ում հաղորդել են, որ ոստիկանությունը ընդհատել է ազգայնականների երթը Հին Արբատով, ինչպես նաեւ ձերբակալություններ է իրականացրել «Կիեւյան» մետրոյի մոտ: Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը մոտ 25 ազգայնականների է ձերբակալել: