Հայտնի է, որ գոյություն ունի կրիկետային դիվանգիտություն: Հնարավոր է, շուտով անհրաժեշտ լինի խոսել «Եվրատեսիլյան» դիվանագիտության մասին, նկատում է ֆրանսիական RFI ռադիոկայանը: «Հայաստանը հայտարարել է երաժշտական մրցույթին մասնակցելուց հրաժարվելու մասին: Պատճա՞ռը: Եվրատեսիլն անցկացվում է Ադրբեջանում: Եւ դա շատ լուրջ է... Երկու երկրներն ավելի քան 20 տարի հակամարտության մեջ են Լեռնային Ղարաբաղի համար: Նրանցից յուրաքանչյուրը համարում է, որ այդ տարածքը, որը հիմնականում բնակեցված է հայերով, պատկանում է իրեն:  Արդյոք այս ժեստն ավելի շատ խորհրդանշական է, քան քաղաքական: Իսկապե՞ս կարող է ավելի շատ սրել իրավիճակը: Այդ եւ մյուս հարցերի պատասխանների վերաբերյալ RFI-ին  փորձել է պարզաբանում ստանալ Եվրոպական խորհրդի միջազգային հարցերով փորձագետ Նիկու Պոպեսկուից»: NEWS.am-ը ներկայացնում է հատված այդ հարցազրույցից.

Եվրատեսիլին մասնակցելուց Հայաստանի հրաժարումը միայն խորհրդանշակա՞ն, թե՞ նաեւ քաղաքական  ժեստ է:  Կարո՞ղ է դա ավելի շատ սրել երկու երկրների միջեւ առանց այդ էլ լարված հարաբերությունները:

Սա հավասարապես թե քաղաքական,  թե խորհրդանշական ժեստ է: Չեմ կարծում,  թե դա ավելի խորացնի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը, քանի որ հարաբերություններն առանց այն էլ շատ բարդ եւ լարված են: Եւ իրականում մտահոգություն կա, որ այդ տարածաշրջանում կարող է նոր պատերազմ բռնկվել:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը կապված է Լեռնային Ղարաբաղի հետ: Ի՞նչ փուլում են գտնվում այդ տարածաշրջանի ապագայի վերաբերյալ բանակցությունները:

Խնդիիրն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ թե քիչ գիտեն, որոնք են հնարավոր լուծման պարամետրերը, սակայն չեն կարողանում արդյունքի հասնել, քանի որ երկու երկրների հասարակությունները պատրաստ չեն փոխզիջման: Եւ քանի որ իշխանությունները եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում ավտորիտար են մնում, նրանք իրականում վախենում են: Նրանք հենվում են ազգայնական զգացմունքների վրա` բնակչությանը մոբիլիզացնելով իրենց աջակցության համար: Նրանք պատրաստ չեն համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղի հարցում: Ամենավատն այն է, որ կառավարություններն իրենց բնաչությանը չեն նախապատրաստում անհրաժեշտ փոխզիջման:

Հնարավո՞ր է, որ լուծումը երրորդ երկրներից բխի: Կարո՞ղ են արդյոք, Ձեր կարծիքով, մեծ երկրները, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, առաջ տանել բանակցությունները:

Ցավոք, Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ եվրոպացիները շատ բան անել չեն կարող. նրանք կարող են օգնել եւ խթանել կողմերին: Իրականում փոխզիջումներն ավելի շատ կախված են Հայաստանից եւ Ադրբեջանից: Սակայն եթե անգամ արտաքին դերակատարները չեն կարող շատ բան անել, նրանք այդ հակամատությունը գերակա չեն համարում եւ նույնիսկ նվազագույնը չեն անում` խրախուսելու համար  Հայաստանին եւ Ադրբեջանին գնալ փոխզիջման:

Ինչպիսի՞ն են Ռուսաստանի շահերն այստեղ:

Հայաստանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է: Ռուսաստանը նրան տալիս է անվտանգության երաշխիք եւ սպառազինություններ: Ընդահուր գծերով, Ռուսաստանը ձգտում է պահպանել իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Հայաստանի հետ նրա դաշինքը Ռուսաստանի այդ ցանկության հիմնական տարրերից է: Ռուսաստանը շատ բացահայտ է աջակցում Հայաստանին:

Ինչպիսի՞ն են ամերիկացիների շահերը:

Ամերկացիներն առանձնապես ներկայացված չեն տարածաշրջանում: Նրանք լավ հարաբերություններ ունեն թե Ադրբեջանի, թե Հայաստանի հետ: Սակայն անվտանգության հարցերում ԱՄՆ-ի ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է Աֆղանստանի եւ Իրաքի վրա:  Իհարկե, եթե Իրանի հետ իրավիճակը բարդանա, կհիշեն Ադրբեջանի մասին, որն Իրանի հյուսիում է: Պետք է նաեւ հաշվի առնել, որ Իրանում ադրբեջանական մեծ համայնք կա: Եթե Իրանի շուրջ իրավիճակը լարվի,  անվտանգության տեսակետից Ադրբեջանի կարեւորությունը ԱՄՆ-ի եւ եվրոպացիների համար կաճի: Սակայն պարզ չէ, թե դա ուղղակիորեն ինչպես կազդի ղարաբաղյան հակամարտության վրա: