Աբխազիայում խորհրդարանական ընտրություններում ընտրողների մասնակցությունը երեւանյան ժամանակով 18:00-ին կազմել է շուրջ 30%, հետեւաբար խորհրդարանական ընտրությունները համարվում են կայացած: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է պատգամավորի թեկնածու Վաղարշակ Քոսյանը: Ըստ նրա` ընտրատեղամասերում հանգիստ մթնոլորտ է, խախտում չի գրանցվել. «Ընտրություններն անցնում են հանգիստ մթնոլորտում: 20:00-ին բոլոր ընտրատեղամասերը փակված կլինեն, եւ կսկսվի ձայների հաշվարկը: Ըստ օրենքի` ընտրությունները կայացած կհամարվեն արդեն 25% մասնակցության դեպքում, սակայն այդ գիծն արդեն անցած է», - նշել է զրուցակիցը:

Ինչ վերաբերում է 9 հայ թեկնածուներին, ըստ Քոսյանի, նրանք մեծ հնարավորություններ ունեն խորհրդարանում ընտրվելու. «Բոլոր նրանք կանցնեն խորհրդարան, հայերը մեծ հնարավորություններ ունեն»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, մարտի 10-ին Աբխազիայում առաջին անգամ խորհրդարան են ընտրում:

Ընտրություններն ընթանում են մասնակցության բարձր մակարդակով. Ընտրատեղամասերում քվեարկողների հերթեր են գոյացել:

Աբխազիայի  Ազգային ժողովի 35 տեղին հավակնում  է   պատգամավորության 148 թեկնածու: Նրանցից 114-ը պատգամավորության թեկնածու են առաջադրվել ընտրողների նախաձեռնող խմբի կողմից, 34 –ը` հանրապետական քաղաքական կուսակցություններից:

Պետության բարձրագույն օրենսդիր մարմնին հավակնում են 125 աբխազներ, 9 հայեր, ութ ռուսներ, երկու հույներ, երկու վրացիներ, մեկ օս եւ մեկ կաբարդինացի: Քվեարկության նախնական արդյունքները կհրապարակվեն մարտի 11-ին: Խորհրդարանը վերջնականապես կձեւավորվի ապրիլի սկզբին: