Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից դեղերի շուկայում հարուցված վարույթները անսպասելի էին դեղ մատակարարող ընկերությունների համար: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը: «Թեեւ դեղերի շուկայում ուսումնասիրությունները բավական երկար են տեւել, սակայն մեր միության անդամներից ոչ ոքի հետ ոչ մի կապ չի եղել, ոչ մի հարցում չի կատարվել, ոչ մի քննարկում տեղի չի ունեցել»,- ասաց Ս. Զաքարյանը: Նրա տեղեկացմամբ, մասնավորապես, «Նատալի ֆարմ» եւ «Ամիկուս» ընկերությունները ժխտում են, որ ՏՄՊՊՀ-ն որեւէ կապ է հաստատել իրենց հետ, հետեւաբար որեւէ փաստաթուղթ չի պահանջվել: «Իհարկե, հարցը շատ կարեւոր է, մրցույթները պետք է լինեն մաքուր, թափանցիկ եւ կարգավորված, մեր միությունը միշտ էլ պատրաստակամություն է հայտնել համագործակցելու ՏՄՊՊՀ-ի հետ»,-հավելեց Ս. Զաքարյանը:

ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Դավիթ Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Հանձնաժողովը վարույթ հարուցել է պետական գնումների շրջանակներում հիվանդանոցների գործունեության ուսումնասիրության արդյունքում` մրցակցության օրենսդրության հնարավոր խախտումների հայտնաբերման նպատակով: Նրա խոսքով` նախնական ուսումնասիրությունների ընթացքում տեղեկատվություն է պահանջվել հանրապետության բոլոր բուժհաստատություններից, որոնց կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հարուցվել են վարչական վարույթներ: Վարչական վարույթի կողմ են հանդիսացել ինչպես մի շարք բուժհաստատություններ, այնպես էլ դեղ մատակարարող մի քանի ընկերություններ: «Վարույթի շրջանակներում լրացուցիչ տեղեկատվություն է պահանջվել ինչպես հիվանդանոցներից, այնպես էլ նրանց դեղ մատակարարող ընկերություններից»,- ասաց Դ. Հովհաննիսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 21-ին ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը որոշեց վարույթ հարուցել 12 բուժհաստատությունների եւ դեղերի վաճառքով զբաղվող 15 ընկերությունների նկատմամբ` դեղերի պետական գնումների ընթացակարգերը խախտելու համար (մրցույթները  չեն անցկացվում կամ անցկացվում են ոչ պատշաճ կերպով):