Տեղեկություններ կան, որ վերջին մեկ տարում կեղծ դեղերի թիվը հանրապետությունում ավելացել է: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Նրա խոսքով` դրան նպաստել է կառավարության որոշումներից մեկը (2011 թ. մարտի 10-ի 300-N որոշումը), որով հանվեցին ներմուծվող դեղերի փաթեթավորման նկատմամբ կիրառվող որոշ սահմանափակումներ:

Մասնավորապես` դեղերի ներմուծումը թույլատրվեց նաեւ այն փաթեթավորմամբ, որով դրանք վաճառվում են այլ երկրներում (ֆիրմաները տարբեր երկրների եւ տարածաշրջանների համար կիրառում են տարբեր փաթեթավորումներ); Արդյունքում` երրորդ երկրների տնտեսվարողները հնարավորություն ստացան Հայաստան ներմուծելու դեղերի խմբաքանակներ: «Ազդակներ կան, որ դրանից հետո ավելացել է կեղծիքների եւ անորակ դեղերի քանակը»,- ասաց Ս. Զաքարյանը:

Նրա խոսքով` հատկապես վտանգավոր են այն դեղերը, որոնք հանդիսանում են օրիգինալի նմանօրինակը եւ նույնիսկ փաթեթավորմամբ շատ չեն տարբերվում: Բացի այդ` այն դեղը, որ Հայաստանում գրանցված չէ, ինքնին համարվում է կեղծ դեղ: Քանի որ հարեւան Վրաստանում դեղերն ազատել են ավելացված արժեքի հարկից, այդ երկրից սկսել են ճամփրուկներով դեղեր ներկրել, որի վերահսկողությունը գործնակաում շատ դժվար է:

ԴԱՆ միությունը դիմել է Եվրամիությանը, որպեսզի Հայաստանում կեղծ դեղերի դեմ պայքարի ծրագիր մշակվի: Բացի այդ` առաջիկայում ԴԱՆ միությունը քարոզարշավ կսկսի` մարդկանց իրազեկելու, թե ինչպես կարելի է կեղծ դեղը տարբերել իսկականից: