Գազի բալոնի հերթական պայթյունն է տեղի ունեցել Մոսկովյան շրջանի Բելոպեսոցկի ավանում: Դեպքը տեղի է ունեցել մարտի 10-ի ցերեկային ժամերին «Կարինա» խանութում, որի հետեւանքով տուժել է 5 մարդ, այդ թվում նաեւ` փոքրիկ աղջնակ:

Ըստ «Բալտինֆոյի» տեղեկության` տուժել են Ուզբեկստանի 22-ամյա քաղաքացի, Տաջիկստանի 20-ամյա բնակիչ, 40-ամյա վաճառողուհի, 28-ամյա տեղի բնակչուհի եւ նրա յոթնամյա աղջնակը: Աղջնակի եւ նրա մոր, ինչպես նաեւ տաջիկի դրությունը գնահատվում է ծանր:

Ըստ նախնական տվյալների` բալոնն օգտագործվել է շինության տաքացման նպատակով: Դրա պահպանման ժամկետը լրացած է եղել, ինչն էլ հանգեցրել է պայթյունի:

Հիշեցնենք, որ մերձմոսկովյան Գորկի-25 թաղամասում փետրվարի 19-ին հացի փռում գազի բալոնի պայթյունը հանգեցրել էր 8 աշխատակիցների մահվան, որոնցից երկուսը տաջիկներ են եղել, իսկ մնացածը` հայեր: