Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդն առաջարկել է Հունաստանին 28 մլրդ եվրո (շուրջ 36,7 մլրդ դոլար) հատկացնել: Այս մասին նշված է Լագարդի հայտարարության մեջ, որը NEWS.am-ն ստացել է ԱՄՀ մամուլի ծառայությունից:
Միջոցները կհատկացվել EFF (Extended Fund Facility) ծրագրով, որը ֆինանսավորման բավական արտոնյալ պայմաններ է առաջարկում: Այդ միջոցներից Հունաստանը կֆինանսավորի տնտեսության զարգացման ծրագրեր` առաջիկա 4 տարվա համար: Իր առաջարկը Լագարդը կներկայացնի ԱՄՀ կառավարող խորհրդին հաջորդ շաբաթ:
«Մրցունակության եւ հարկային դիրքերի վերականգնումը Հունաստանից կպահանջի երկարատեւ եւ խորը բարեփոխումներ:
Առաջարկը, որը ես պատրաստվում եմ անել, համարժեք է երկարաժամկետ դժվարություններին, որոնց սպասում են Հունաստանին, ինչպես նաեւ ֆինանսական աջակցությունը, որը տրամադրում է եվրագոտու երկրների մասնավոր հատվածը»,- հայտարարել է Լագարդը:
Նա դրական է գնահատել մասնավոր հատվածի որոշումը, որը համաձայնել է «կրճատել» հունական պետական պարտքը: «Դա շատ կարեւոր քայլ է, որը լրջորեն կկրճատի Հունաստանի միջինժամկետ ֆինանսական պահանջմունքները: ԱՄՀ-ի օգնությունը ընդհանուր ջանքերի մի մասը կդառնա` ուղղված Հունաստանի ժողովրդի կողմից ճգնաժամի հաղթահարմանն ու տնտեսական աճի վերականգնմանը»,-հայտարարել է Լագարդը:




























