Հանրապետության դեղատներում վաճառվում է յոդ, որի պարունակությունը չի համապատասխանում պիտակավորմանը (սովորաբար յոդը վաճառվում է 5 %-անոց լուծույթով): Այդ մասին Աղվերանում ընթացող դեղագործության հիմնախնդիրներին նվիրված հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը: Նա խոստացավ առաջիկա 10 օրերի ընթացքում այդ հարցով ավելի մանրամասն պարզաբանումներ տալ մամուլին:

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան դեղագործական մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ կտրականապես հերքեցին, որ գործարանային պայմաններում արտադրվում է անորակ յոդ, սակայն չժխտեցին, որ նման խախտումներ հնարավոր են այն դեղատներում, որոնք ինքնուրույն են իրականացնում յոդի շշալցումը:

Երեւանի քիմիադեղագործական ընկերության տնօրեն Սիրազ Մաթեւոսյանն ասաց, որ ընդհանրապես անհնար է պատրաստել 3 %-անոց յոդ: Ի դեպ` Հ. Թոփչյանը հայտարարեց նաեւ, որ հանդիպում են նաեւ յոդեր, որտեղ ընդհանրապես բացակայում է յոդի բաղադրության մեջ մտնող կալիյոդը, ինչի հետեւանքով տվյալ յոդը երկար չի կարող պահպանվել: Սակայն, ըստ Ս. Մաթեւոսյանի, եթե կալիյոդը բացակայի, ապա ընդհանրապես յոդը չի լուծվի սպիրտի մեջ:

«Էսկոֆարմ» ընկերության տնօրեն Աշոտ Գասպարյանն ասաց, որ երաշխավորում է իրենց ընկերության արտադրանքում եւ յոդի, եւ կալիյոդի, եւ մյուս բաղադրիչների պատշաճ քանակությունը:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը չժխտեց, որ որոշ դեղատներում հնարավոր է ոչ որակյալ  յոդի պատրաստում, սակայն ընդհանուր առմամբ Հայաստանում վտանգավոր դեղեր չկան: «GMP ստանդարտների ներդրումը հենց նրա համար է, որ բոլոր դեղարտադրողների բոլոր խմբաքանակների որակը նույնականացվեն` քաշ, պարունակություն, արտաքին տեսք եւ այլն»,- ասաց Ս. Քրմոյանը: Նրա խոսքով` Հայաստանում դեղերի որակից թունավորումների դեպքեր չկան, իսկ առկա թունավորումներևի դեպքերը պայմանավորված են դեղերի ոչ ճիշտ օգտագործմամբ: Ըստ Ս. Քրմոյանի` դեղորայքային թունավորման հետ կապված մամուլում հրապարակվող ցանկացած տեղեկատվություն ստուգվում է: