Մարտի 11-ի, ժամը 15.00-ի դրությամբ  հանրապետության տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԱԻ նախարարությունը, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ  առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզում` Ախպրաձոր, Կոտայքի մարզում` Բուժական, Արագյուղ, Արագածոտնի մարզում` Ջրամբար, Արագած, Լուսագյուղ, Սարալանջ, Նիգավան, Ծաղկաշեն, Նորաշեն, Ծաղկահովիտ, Գեղաձոր, Հնաբերդ, Գեղադիր, Վարդաբլուր, Ձորագլուխ, Թթուջուր, Չքնաղ, Վարդենիս, Երնջատափ, Եղիպատրուշ, Բերքառատ, Սիփան, Ավշեն, Լեռնապար, Միջնատուն, Շենկան եւ Ճարճակիս գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Արա գյուղի ավտոճանապարհները:

ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց` միաժամնակ տեղեկացնելով, որ կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

Հաղորդվում է նաեւ, որ մարտի 11-ի ժամը 11.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, եւ առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաեւ վատ տեսանելիություն: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է որոշակի սահմանափակումներով: Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի(Պոստա)  եւ Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան  պատճառով  երթեւեկությունն արգելված է  կցորդների,  կիսակցորդների  եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող  ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթեւեկությունը  բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) եւ Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթեւեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված  է:
Երթեւեկության նշված կարգը կլինի Պարեկային ոստիկանության անմիջական  հսկողության եւ համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթեւեկությունը բաց է: