Սաուդյան Արաբիայում ոստիկանությունը կոպտորեն ցրել է Աբնեում Խալիդ թագավորի համալսարանի ուսանողուհիների ցույցը:
Վնասվածքներ է ստացել առնվազն 50 մարդ, ուսանողուհիներից մեկն էլ, ըստ ոչ հաստատված տեղեկության, մահացել է:
Ուսանողուհիները բողոքի ցույց են կազմակերպել բուհի աշխատակազմի այն որոշման դեմ, որ հանրակացարանում մաքրություն եւ կարգուկանոն պետք է պահպանեն հենց ուսանողուհիները, այլ ոչ թե` հավաքարարները: Ուսանողուհիները տարածքի մաքրման պարտականությունների` իրենց վրա դնելը գնահատում են որպես հասարակության հայրիշխանական համակարգի հերթական դրսեւորում, հայտնում է NEWSru.co.il-ը:
Մահակներով զինված ոստիկանությունը ներխուժել է ուսանողական քաղաքի տարածք, սկսել է ծեծել ցուցարարներին եւ նրանց վրա կրակմարիչներով փրփուր լցնել:
Դրանից հետո համալսարան է այցելել Ասիր նահանգի նահանգապետ արքայազն Ֆայսալ բին Խալիդը: Նա հայտարարել է, որ ուսանողուհիների գործողություններն սպառնում են երկրի անվտանգությանը, եւ նշել, որ Սաուդյան Արաբիայում տեղ չկա ելույթների եւ ցույցերի համար:
Նշենք, որ Սաուդյան Արաբիայում որոշել են, որ կանանց արգելվում է նստել ղեկին, քանի որ դա կարող է հանգեցնել երկրում նույնասեռականության եւ մարմնավաճառության աճին:



























