ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խորապես ցավում է Աֆղանստանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար, երբ ամերիկյան զինծառայողը սպանել է 16 խաղաղ բնակիչների:

«Տեղի է ունեցել ողբերգական եւ ցնցող դեպք, որը բոլորովին  չի համապատասխանում մեր Զինված ուժերի հեղինակությանը եւ այն հարգանքին, որը տածում է Միացյալ նահանգները Աֆղանստանի ժողովրդի հանդեպ», - ասվում է Օբամայի հայտարարության մեջ: Նախագահը նաեւ ցավակցություն է հայտնել սպանված աֆղանցիների ընտանիքներին եւ հարազատներին:

Իր հերթին, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան  դեպքի առթիվ ներողություն է խնդրել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայից: Նա խոստացել է, որ մեղավորները կպատժվեն:

Քարզայն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ տեղի է ունեցել անմեղ քաղաքացիների կանխամտածված սպանություն, եւ այն չի կարող ներվել, հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:

Միաժամանակ, ինչպես հաղորդում է «Վեստին», Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները նախազգուշացել են ամերիկացի քաղաքացիներին վտանգի մասին. ըստ դիվանագետների`  չպետք է բացառել, որ խաղաղ բնակիչների սպանությունից հետո աֆղանական ծայրահեղականները կարող են ամերիկացիների դեմ ուղղված փոխադարձ ակցիաներ իրականացնել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Աֆղանստանում ծառայող ամերիկացի զինվորը մարտի 10-ին դուրս է եկել երկրի հարավում գտնվող ռազմակայանի սահմաններից եւ սկսել է կրակել խաղաղ բնակիչներին: Նման արարքի պատճառը հայտնի չէ, սակայն, ենթադրվում է, որ զինծառայողի մոտ նյարդային խանգարում է տեղի ունեցել:

Հրաձգության հետեւանքով զոհվել են 16 խաղաղ բնակիչներ, եւս հինգը վիրավորվել են: Ավելի ուշ նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ սպանվածների շարքում կան 9 երեխաներ եւ 3 կանայք: