Հայաստանի ազգային պատկերասրահը եւ «Կոսմոպոլիտան Հայաստան» ամսագիրը համատեղ կազմակերպել են «Նորաձեւությունը արվեստում» պայմանական  խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կտեւի մեկ ամիս:

Այն նաեւ դիմանկարի մի ինքնատիպ ցուցադրություն է, ուր հիմնականում տեղ են գտել վրձնի մեծ վարպետների կերտած կանանց կերպարները:

Ցուցահանդեսի նպատակն է հանրությանը ներկայացնել անցյալի հայ իրականության մեջ ընդունված հագուստը, ուստի ընտրված են 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի արվեստագետների` Վարդգես Սուրենյանցի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Երվանդ Քոչարի, Պետրոս Կոնտուրաջյանի, Մինաս Ավետիսյանի, Փարավոն Միրզոյանի եւ այլոց ստեղծագործություններ, որոնցում հանդիսատեսը կտեսնի տարբեր ժամանակահատվածներին եւ հասարակության տարբեր խավերին հատուկ հանդերձանքներ:

Բացի գեղարվեստական բարձր արժեքից, այս ստեղծագործությունները ներկայացնում են նաեւ փաստա-վավերագրական արժեք:

Ցուցադրությունում տեղ գտած նկարների միջոցով հանդիսատեսը պատկերացում կկազմի տարբեր կերպարների մասին եւ կծանոթանա նրանց հատուկ  հագնվելու ձեւի ու ոճերի հետ:

Իրենց հանդերձանքով, ատրիբուտներով տարբերվող այս կերպարների մեծամասնությունն այսօր մեզ համար այլեւս պատմություն են:

Փորձ է արված անցյալ ժամանակահատվածներին բնորոշ հանդերձանք պատկերող ստեղծագործություններին համադրել ներկա իրականությանը բնորոշ հանդերձանք, որն իր  գույներով, դետալներով եւ այլ ատրիբուտներով միտված է ներկայացնելու անցյալի հագուստի այսօրվա համարժեք տարբերակը:

Ի դեպ, ցուցահանդեսի օրերին նախատեսվում են արվեստին եւ նորաձեւությանը վերաբերող քննարկումներ: