Փետրվարի 12-ին, ժամը 22.24-ին, «Hetq.am» ինտերնետային կայքում տեղադրված «Հարձակում լրագրողի վրա» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ նախապատրաստված նյութերով մարտի 8-ին ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն) հարուցվել է քրեական գործ` Աշոտ Դանիելյանի կողմից Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 68 շենքի բակում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ:
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ ըստ քրեական գործի` Աշոտ Դանիելյանն ականատեսների ներկայությամբ հայհոյանքներ է տվել տեսանկարահանում կատարող, ինքնությունը չպարզված անձին:
Ոստիկանությունը քրեական գործի անհրաժեշտությունից ելնելով` տեսանկարահանումը կատարած անձին և ականատեսներին խնդրում է ներկայանալ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժին կամ զանգահարել:


























