Աֆղանական  արեւելյան Նուրիստան նահանգում ձնահոսքի զոհ է դարձել առնվազն 45 մարդ:

Նահանգի իշխանությունները հայտնել են, որ մարտի 11-ի երեկոյան երկու բնակավայրերում ձնահոսքի տակ է մնացել 15 տուն:

Ոստիկաններն արդեն ձեռնամուխ են եղել զոհվածների մարմինները դուրս բերելու աշխատանքներին, սակայն նրանց գործը դժվարացնում է արդեն երրորդ օրը չդադարող ձյունը: Երեք օրում Նուրիստանում ավելի քան 70 սմ տեղումներ են եղել, որն էլ հանգեցրել է լեռներից ձնահոսքի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով «Պաժվակ» գործակալությանը:

Աֆղանական հեռուստաալիքներից մեկը հայտնել է, որ հյուսիսային Բադահշան նահանգի Շիքայ անցակետում, որտեղ մարտի 4-ին նույնպես ձնահոսք էր տեղի ունեցել`ոչնչացնելով ամբողջ գյուղը, ներկայումս ձյան տակից հանվել են ավելի քան 50 զոհվածների մարմիններ. 7 մարդ փրկվել է:  Տեղի 150 բնակիչներ համարվում են անհետ կորած, սակայն, ամենայն հավանականությամբ, նրանք բոլորը մահացել են: