Ընդդիմադիր ուժերը պետք է ուժ գտնեն մեծամասնական ընտրակարգերում համատեղ պայքարի համար: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Նրա կարծիքով, ընդդիմադիր ուժերը պետք է հասկանան, որ իշխանության թեկնածուների դեմ միայնակ մրցակցել չեն կարող, ուստի պետք է աջակցել միացյալ թեկնածուների, անկախ կուսակցական պատկանելությունից:

«Իշխանությունը անում է նույն բանը` մեծամասնական մանդատները բաժանելով ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Օրինաց երկրի» միջեւ: Բոլոր լծակներն այսօր աշխատում են Հանրապետական կուսակցության համար, եւ շատ կզարմանամ, որ առաջիկա ընտրություններում պարզվի, թե դա այդպես չէ: Ընդդիմությունը պետք է իր մեջ ուժ գտնի միավորել ջանքերը»,- ասել է Քոքոբելյանը: «Ազատ դեմոկրատները», ըստ նրա, պատրաստ են մեծամասնական ընտրատարածքներում աջակցել ոչ միայն սեփական թեկնածուներին, այլեւ մյուս ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին:

Հարցին, թե առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով, Քոքոբելյանն ասել է, որ հարցը քննարկվում է «Ազատ դեմոկրատների» խորհրդում:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի