Երեւանում, այսօր` մարտի 12-ի առավոտից, առատ ձյուն է տեղում: Բնականաբար, իրադրությունն անմիջապես ազդել է քաղաքային երթեւեկության վրա: Հասարակական եւ անհատական տրանսպորտը տեղաշարժվում է ձնապատ եւ տեղ-տեղ սառցապատ ճանապարհներով` նվազագույն արագությամբ:
Ծագած իրավիճակը քաղաքապետարանի մամուլի ծառայությունում մեկնաբանել են հետեւյալ կերպ. կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Ըստ մամուլի ծառայության պետ Արթուր Գեւորգյանի` առայժմ որեւէ խնդրի մասին չի հաղորդվել:
Հարցին, թե գործարկվո՞ւմ են արդյոք ձյուն մաքրող մեքենաները, ճանապարներին աղ կամ ավազ լցվում են, թե` ոչ, Գեւորգյանը հիշեցրել է, որ տեխնիկան եւ այլ միջոցները կգործածվեն համապատասխան պայմաններում` ձյան շերտի խորացման եւ այլ դեպքերում: Ընդ որում, նշել է Գեւորգյանը, ձյունն սկսվել է ցերեկը, երբ փողոցներում գտնվել է տրանսպորտը, ինչը բարդացնում է փողոցների մաքրման աշխատանքը:
Ինչ վերաբերում է փետրվարյան իրադրության կրկնման հնարավորությանը, երբ ձյան տեղումների պատճառով քաղաքային տրանսպորտի էական մասն «անհետացավ» փողոցներից, մամլո ծառայության ղեկավարը հավատացրել է, որ ձեռնարկվում են միջոցառումներ: «Դա տրանսպորտային միջոցների վարորդների ինքնագործունեությունն էր, մեղավորներին նկատողություններ են տրվել», - նշել է Արթուր Գեւորգյանը:




























