Ադրբեջանում շարունակվում են հոգեւորականների ձերբակալությունները. երկրի քաղաքացիները դարձել են իրանա-ադրբեջանական լարված հարաբերությունների զոհը: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Ալի Քերեմլին Հասարակական պալատի եւ Մտավորականների ֆորումի ժամանակ, որտեղ քննարկում էր անցկացվում «Խղճի եւ քաղաքական բանտարկյալներ» թեմայով: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթը:

Նրա խոսքով, Ադրբեջանի ու Իրանի միջեւ հարաբերությունները վատանում են, իսկ արդյունքում Ադրբեջանում մարդկանց են ձերբակալում:

Ֆորումի մասնակիցները անդրադարձել են վերջին շրջանում հոգեւորականների եւ քաղաքական ակտիվիստների ձերրբակալություններին, նրանք նշել են, որ բազմիցս կոչ են արել իշխանություններին ազատ արձակել նրանց, սակայն համապատասխան արձագանք չի եղել: Ֆորումի մասնակիցները նշել են, որ նման պայմաններում ընդդիմադիր Հասարակական պալատի օրակարգում դրվում է հանրահավաքների վերսկսման խնդիրը: Ֆորումում որոշում է կայացվել ապրիլի 8-ից ցույցեր կազմակերպել Բաքվում` քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության նպատակով:

Նշենք, որ Ադրբեջանում «Հասարական պալատ» ընդդիմադիր ուժը ձեւավորվել է 2010-ի նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո: Այդ ընդդիմադիր ուժը միավորում է «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ», «Մուսավաթ» եւ ընդդիմադիր այլ կուսակցությունների:

Հիշեցնենք, որ 2011-ի ապրիլի 2-ին Ադրբեջանում չարտոնագրված ցույց է անցկացվել, որից հետո երկրում ընդդիմադիր գործիչների մասսայական ձերբակալություններ են սկսվել: Ավելի ուշ շատերը ազատ են արձակվել, սակայն դեռեւս կան բանտարկյալներ, որոնք միջազգային կառույցների կողմից համարվում են քաղբանտարկյալներ: