Հայ կոմունիստներն ակնկալում են համախմբվել եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում առնվազն 10 տոկոս ձայն ստանալ: Այդ մասին, այսօր` մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշել է Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով, ներկայումս բանակցություններ են ընթանում Հայաստանի կոմկուսի հետ միավորման շուրջ: Առաջադիմական կոմկուսի նախագահի խոսքով, իրենք դեռ երկու տարի առաջ են բանակցություններ սկսել` հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը:

Սաֆարյանը նշել է, որ իրենք սոցիալական արդարության լոզունգի ներքո կհամախմբեն բնակչությանը եւ կստանան 10 տոկոս ձայն, հակառակ դեպքում կհամարեն, որ ընտրակեղծիքներ են եղել:

Կոմունիստները մտադրվել են ժողովրդին վերադարձնել խորհրդային ժամանակների դրականը. «Մենք ունենք լուրջ ներուժ, որպեսզի ստեղծվեն աշխատատեղեր, հսկայական արդյունաբերությունը զարգանա, կրթությունը լինի անվճար, բժշկությունը լինի անվճար, երիտասարդներն ապահովվեն աշխատանքով եւ բնակարանով»: