Սիրիան համարժեք պատասխան կտա ԵՄ կողմից դեսպանների հետկանչին: Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Սիրիան մտադիր է ետ կանչել իր դեսպաններին Եվրամիության այն երկրներից, որոնք իրենց դեսպաններին հետ են կանչել Դամասկոսից:

«Կան մի քանի եվրոպական երկրներ, որոնք արդեն հետ են կանչել իրենց դեսպաններին Սիրիայից: Սիրիան նույնկերպ է պատասխանելու»,- ասել է նա, հաղորդում է Dni.ru-ն:

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտնել էր, որ Եվրամիությունը կարող է հետ կանչել կառույցի դեսպաններին` ի պատասխան չդադարող բռնությունների: Դեսպաններին հետ կանչելու մասին հայտնել են Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդներն ու Բելգիան, իսկ ԱՄՆ-ը պարզապես փակել է իր ներկայացուցչությունը Սիրիայում: