Ադրբեջանը «Եվրատեսիլ» մրցույթը համարում է հնարավորություն, որպեսզի ցույց տա, որ ինքը կարող է աշխարհին առաջարկել ավելին, քան ուղղակի նավթ, իր հոդվածում գրում է լոնդոնյան TIME-ի թղթակից Ուիլիամ Լի Ադամսը:

Նա կարծում է, որ քննադատները փնովում են «Եվրատեսիլ» երգի մրցույթը` անվանելով այն «մշակութային Չեռնոբիլ», բայց մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ մրցույթին հետեւում է ավելի քան 100 հազար մարդ, ապա այն նաեւ նաեւ բարոմետր է ժամանակակից Եվրոպայի եւ արտաքին հակամարտությունների համար, որի հետ բախվում է աշխարհամասը:

Այդ ճշմարտությունը նկատելի է դարձել մարտի 7-ին, երբ Հայաստանը հրաժարվեց մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ին, որը տեղի կունենա մայիսի 22-ից 26-ը Բաքվում: Հայերը դա բացատրում են երկու երկրների միջեւ առկա լարվածությամբ:

Երբ Ադրբեջանը ստացավ իրավունք «Եվրատեսիլ»-ի կազմակերպման համար, Եվրատեսիլում երաշխավորված լրատվական օրգանների ներկայացուցիչները երազում էին, որ Հայաստանի մասնակիցը հանդես կգա Բաքվի բեմում, հանդիսատեսը կծափահարի, եւ «եվրոփոփի» հանդեպ սերը կվերացնի թշնամանքը: Մյուս երկրները եւս գործողություններ կձեռնարկեն:

Ֆրանսիական առաքելության անդամները խոստովանել են, որ մտադիր են Ֆրանսիային համոզել, որ Բաքու ուղարկի հայկական ծագում ունեցող երգչի, օրինակ Շառլ Ազնավուրին կամ Սիլվի Վարդանին: Այս տարի Ադրբեջանը համաձայնել է պարզեցնել վիզային ռեժիմը օտարերկրացիների համար, ինչպես նաեւ թույլ տալ հայերին այցելել Ադրբեջան: Իսկ երբ հայերը մտահոգություն հայտնեցին իրենց մասնակցի անվտանգության հարցի վերաբերյալ, Ադրբեջանը հայտարարեց, որ բոլոր մասնակցիները, այդ թվում հայերը անվտանգ կլինեն Բաքվում գտնվելու երկու շաբաթների ընթացքում:

Սակայն լարվածությունը սրվեց փետրվարին, երբ Հայաստանն իր զինվորների մահվան մեջ մեղադրեց ադրբեջանական կողմի դիպուկահարներին: Փետրվարի 24-ին  հայ 22 երաժիշտներից կազմված խումբը, այդ թվում մրցույթի նախկին երեք մասնակիցները, ստորագրել են այն նամակի տակ, որը Հայաստանին կոչ էր անում  բոյկոտել  «Եվրատեսիլը»: Վերջին կաթիլը, երեւում է, դարձավ փետրվարի վերջին 50 հազ. ադրբեջանցիների բողոքի ցույցը` նվիրված հայերի կողմից 20 տարի առաջ իբրեւ թե ջարդի ենթարկված ադրբեջանցինեի հիշատակին: Դրանից քիչ ժամանակ անց Ադրբեջանի նախագահն իր կայքում հրապարակեց հետեւյալ հայտարարությունը.  «Մեր հիմնական թշնամիները ամբողջ աշխարհի հայերն են եւ նրանց վերահսկողության տակ գտնվող կեղծավոր, կոռումպացված քաղաքական գործիչները»:

Մրցույթին մասնակցելու` Հայաստանի հրաժարվելուց հետո ադրբեջանցի  քաղաքական գործիչները նրան մեղադրեցին քարոզչական պատերազմ վարելու մեջ:

Իհարկե, սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանը եւ Ադրբեջանն օգտագործում են   «Եվրատեսիլը» որպես շարունակվող հակամարտության փոխարինող ասպարեզ: 2010 թվականին Հայաստանի մասնակից Եվա Րիվասը երգեց «Apricot Stone» անունով երգը: Ըստ դավադիրների տեսության` երգի խոսքերն ուղղված են եղել Հայոց ցեղասպանությանը, որը ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը չեն ճանաչում:

2009-ին շարունակվող ղարաբաղյան հակամարտությունը տեսողական ազդեցություն է ունեցել: Կիսաեզրափակիչների ժամանակ ցուցադրվել է Հայաստանի տեսահոլովակը, որտեղ կար նաեւ Ղարաբաղում գտնվող «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի պատկերը: Ադրբեջանցիները բողոքել էին Եվրոպական հեռարձակման միությանը, պահանջելով հանել այդ պատկերը տեսահոլովակից: Սակայն հայերը դա առանց պատասխան չթողեցին: Սիրուշոն Հայաստանի արդյունքները հաղորդելիս բազմաթիվ անգամ ցուցադրեց այդ հուշարձանը:

Դա էլ ավելի է մեծացրել լարվածությունն Ադրբեջանում: 2009ժ-ից հետո, Ադրբեջանի անվտանգության ազգային կոմիտեն վերծանել էր հեռուստաքվեարկության ձայնագրությունները եւ ոստիկանության բաժիններ կանչել բոլոր այն ադրբեջանցիներին, ովքեր քվեարկել էին Հայաստանի օգտին: Այնուհետեւ պաշտոնատար անձինք նրանց հարցաքննել էին պարզելու համար նրանց ազգին նվիրվածության աստիճանը:

Նույնիսկ ամենամյա «մանկական Եվրատեսիլ» մրցույթը, որտեղ մասնակցում են 10-15 տարեկան երեխաներ, ապահովագրված չէ կոնֆլիկտներից: 2010-ին, Մինսկում ընթացող «Մանկական եվրատեսիլի» ժամանակ, Ադրբեջանի պաշտոնատար անձինք ընդհատել են ուղիղ հեռարձակումը, երբ պարզ է դարձել, որ Հայաստանի ներկայացուցիչ 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը հաղթել է: