Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար եւ ԱՄՆ-ի Զինված ուժերի Եվրոպական հրամանատարության ղեկավար ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի էջը Facebook սոցիալական ցանցում իրարանցում է առաջացրել Դաշինքի բարձր ղեկավարության շրջանում: Սկսվել են բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների անձնական էջերի համընդհանուր ստուգումներ:

ՆԱՏՕ-ի ղեկավարները կասկածում են գաղտնի տեղեկատվության ապօրինի տրացում նման անսովոր միջոցով,  իսկ գլխավոր կասկածյալներն են չինացի կիբերհանցագործները:

Ինչպես հաստատել են ՆԱՏՕ-ում, Ստավրիդեսի կեղծ էջից նրա անունով խաբեբաները տարբեր թեմաներով, ներառյալ ռազմավարական, քննարկումների մասնակից դառնալու առաջարկներ են ուղարկել տարբեր անձանց, այդ թվում նաեւ զինվորականների: Նրանք նաեւ Ստավրիդեսի անունից ընկերների ցուցակում ավելացրել են նրա ծանոթներին եւ գործընկերներին` բարձրաստիճան զինվորական եւ քաղաքացիական անձնակազմ, եւ հավաքել են նրանց անձնական տվյալները:

Կիբերանվտանգության ոլորտի բրիտանացի մասնագետներից մեկի կարծիքով` ադյունքում հանցագործների ձեռքն է ընկել կարեւոր տեղեկատվություն: Լրատվամիջոցները նաեւ կարծում են, որ նման կերպ ստացված տեղեկատվությունը հետագայում կարող է օգտագոչծվել շանտաժի նպատակով: 

Ծովակալի կեղծ էջերն արդեն ջնջվել են Facebook-ից: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը երաշխավորել է աշխատակիցներին սոցիալական ցանցերում ստեղծել պաշտոնական հաշիվներ, որպեսզի այդպիսով ապահովագրեն իրենց նման դեպքերից, հայտնում է  NEWSru.com-ը:

«Սոցիալական մեդիաներ» ընկերության տնօրեն Ալեքսեյ Գոնչարենկոն, մեկնաբանելով սկանդալը «Կոմերսանտ-FM»  ռադիոկայանին տված  հարցազրույցում, հայտարարել է. «Տղաները ցուցաբերել են ստեղծագործական մտքի հրաշքներ»: