Հանգստյան օրերից հետո այսօր` մարտի 12-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է 390.25 դրամով, սակայն պահանջարկի փոխարժեքը կազմել է 389 դրամ: Բորսայական անորոշության պատճառը նախորդ` մարտի 7-ի առեւտրային նստաշրջանում ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված մոտ 8 մլն դոլարի ինտերվենցիան է` 1դոլար/390.10 դրամ փոխարժեքով: Այդ ինտերվենցիայի շնորհիվ կանխվել է դոլարի հետագա վերելքը, սակայն առայժմ պարզ չէ` դա բավարար է արդյոք կարճաժամկետ կտրվածքով դոլարի էժանացման համար:
Նշենք, որ հանգստյան 4 օրերին արտարժույթի շուկայում ցնցումներ ու տատանումներ չեն գրանցվել, ինչը հերթական անգամ վկայում է այն մասին, որ տատանումների հիմնական պատճառը բորսայական խաղերն են: Դոլարը հանգստյան օրերին հիմնականում գնվել է 389 դրամով, վաճառվել` 391-ով:
Նշենք, որ մարտի 8-ի նախօրեին տեղի է ունեցել փողի բազայի կտրուկ ընդլայնում` ոչ կանխիկ դրամի մասով, ինչն էլ հավանաբար հանգեցրել է դրամի թուլացմանը: Մասնավորապես` միայն մարտի 7-ին դրամով արտահայտված թղթակցային հաշիվները ԿԲ-ում ավելացել են մոտ 20 մլրդ դրամով` հասնելով 137 մլրդ դրամի: Համեմատաբար բարձր է եղել նաեւ ԿԲ-ից դուրս կանխիկ դրամի ծավալը` 376 մլրդ դրամ, որը զիջում է միայն դեկտեմբերի վերջին օրերի ծավալներին: Ամենայն հավանականությամբ` կազմակերպությունների ձգտումը` մարտի 8-ից առաջ վճարել աշխատավարձերը, հանգեցրել է դրամաշրջանառության որոշ անկայունության ու թուլացրել դրամի շուկայական դիրքերը:
Սամվել Ավագյան




























