Մաստրիխտ քաղաքում, մարտի 10-ին, Նիդերլանդների «Անի» կազմակերպության կողմից կազմակերպվել էր սիմպոզիում` նվիրված սուրբ Սերվատեսի հիշատակին: «Սուրբ Սերվատես հայը» խորագրով միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաեւ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր ելույթում դեսպան Աղաջանյանն անդրադարձավ սուրբ Սերվատեսի ժառանգությանը` որպես հոլանդական հասարակության մեջ քրիստոնեության եւ քրիստոնյա արժեքների տարածողի, հայ-հոլանդական կապերի սկզբնավորմանն ու հետագա տարածմանը, հայկական համայնքի ձեւավորմանն ու հոլանդական պատմության մեջ ունեցած դերակատարությանը, ներկայիս հայկական համայնքի դերին ու նշանակությանը: Խոսելով հայ-հոլանդական կապերի մասին` ՀՀ դեսպանը նշեց. «Անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծմամբ` հայ-հոլանդական հարաբերությունները որակական նոր փուլ են մտել` երկու ժողովուրդների միջեւ հարաբերություններից վերածվելով երկու պետությունների միջեւ հարաբերությունների: Մենք մեր նախնիներից դեռ շատ բան ունենք սովորելու, թե ինչպես ամուր տնտեսական կապեր ձեւավորենք, սակայն հիմքերն արդեն դրված են. կա արդեն նշանակալից ժառանգություն ստացած համայնք, որը դեռեւս պետք է լիովին գիտակցի դրա կարեւորությունը եւ յուրացնի այն»: Նա շեշտեց, որ սուրբ Սերվատեսի ջանքերը պտուղ են տվել, որոնք «այսօր ծաղկում են` խոստանալով ընդլայնել բարեկամությունն ու համագործակցությունն երկու ժողովուրդների միջեւ` ի վկայություն այն անժխտելի ներդրումի, որ հայ սուրբն ունեցել է հոլանդական հասարակության մեջ: Մենք պարտավոր ենք սնել այն եւ հնարավորություն տալ ամբողջ ներուժով դրսեւորվելու»:
Սիմպոզիումին մասնակցում էր նաեւ Նիդերլանդների Իմիգրացիայի, ինտեգրացիայի եւ ապաստանի հարցերով նախարար Խերտ Լիրսն, ով իր ելույթում անդրադարձավ հոլանդական հասարակության մեջ հայ համայնքի ներդրումին եւ առկա խնդիրներին: Նրան նվիրվեց դոկտոր Եվադյանի հեղինակած «Սուրբ Սերվատես հայը» գրքի առաջին օրինակը:
Սիմպոզիումին ընդարձակ ելույներով հանդես եկան դոկտոր Ռեգիս դե լա Հայեն, դոկտոր Մաքսիմ Եվադյանը /Լիոնի համալսարան/, դոկտոր Թեո ֆան Լինտը /Օքսֆորդի համալսարան/, դոկտոր Ժոզեֆ Վայտենբերգը /Լեյդենի համալսարան/, դոկտոր Հերման Տյուլեն /Նայմեխենի համալսարան/, ովքեր իրենց ելույթները նվիրեցին սուրբ Սերվատեսի կյանքի ու ծագումնաբանության շուրջ ուսումնասիրությունների, հայ գրականության, Նիդերլանդներում հայ համայնքի պատմության, Մերձավոր արեւելքում քրիստոնյաների խնդիրների ներկայացմանը: Հայ բանաստեղծների գործերի թարգմանությամբ ելույթ ունեցավ դոկտոր Անթոնի Հոլսլախը:
Միջոցառման երաժշտական հատվածում Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Հարությունյանի, Կանաչյանի եւ այլոց գործերի կատարումներով հանդես եկան սոպրանո Լիլիթ Սաթին, դաշնակահարուհի Մարիամ Պողոսովան, ֆլեյտահար Զարա Բադալյանը, եւ թավջութակահար Միքայել Գրիգորյանը:
Սիմպոզիումին ներկա էին նաեւ Լիմբուրգի նահանգապետ Թեո Բովանսը, փոխքաղաքապետ Ժակ Կոստոնյը, խորհրդարանականներ, հայ եկեղեցու եւ հոլանդական հոգեւոր դասի, հոլանդական հասարակական ու գործարար շրջանակների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:




























