Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` մարտի 12-ին, ընդունել է Հայաստանում ԵՄ նորանշանակ ղեկավար, դեպան Տրայան Հրիսթային եւ քննարկել են Հայաստան-ԵՄ կրթական ծրագրերին առնչվող հարցեր:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Աշոտյանը, ներկայացնելով Հայաստանի կառավարության կրթական քաղաքականության հիմնական սկզբունքները, նշել է, որ մեր երկրի համար առաջնային է լիովին ներգրավվել եվրոպական կրթական տարածքում: «Այս համատեքստում մենք կարեւորում ենք Եվրամիության աջակցությունը հատկապես ուսանողների շարժունությանը միտված ծրագրերում»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել կրթական ոլորտի համատեղ ծրագրերը դարձնել շարունակական, եւ հետամուտ լինել նոր նախագծերի իրականացմանը: Մասնավորապես Արմեն Աշոտյանն առաջարկել է բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացնել նոր համատեղ ծրագիր` ագրարային կրթության ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի կողմից Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը ստանձնելու եւ 2015 թվականին Երեւանում կազմակերպվելիք նախարարական գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաեւ Հայաստան- Եվրամիության կրթական համագործակցության ծրագրին առնչվող մի շարք հարցերի:




























