«Արմավիա» ընկերության եւ «Զվարթնոց» օդանավակայանի ներկայացուցիչները կհանդիպեն մարտի 13-ին, որպեսզի քննարկեն իրադրությունը եւ հետագա գործողությունները «Արմավիա» ընկերության` սպասարկման վարձն իջեցնելու պահանջների հետ կապված: Այդ մասին NEWS.am-ի լրագրողին հայտնել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Նելլի Չերչինյանը:
Ընդ որում նա նշել է, որ ներկայումս «Արմավիա» ընկերության բոլոր չվերթները պարբերաբար իրականացվում են: Սակայն ինչպիսին կլինի իրադրությունը վաղվա բանակցություններից հետո, հայտնի չէ:
Հիշեցնենք, որ «Արմավիա» ընկերության եւ «Զվարթնոց» օդանավակայանի հարաբերությունները սրվել էին ընթացիկ ամսվա սկզբին: Մարտի 6-ին «Արմավիան» գործադուլ էր հայտարարել` իր գործողությունները մեկնաբանելով օդանավակայանի գնային քաղաքականությամբ:
Իր հերթին, «Միջազգային օդանավակայաններ` Հայաստան» ընկերությունը հայտարարել է, որ ըստ «Ռոսնավիգացիա» կազմակերպությունից ստացված հեռագրի, «Արմավիա» ընկերությանը կուտակված պարտքի պատճառով արգելված է Ռուսաստան չվերթներ իրականացնել եւ ներխուժել նրա օդային տարածք: Ընկերությունը բացասական է գնահատում «Արմավիա» ավիաընկերության կողմից շահարկումները եւ անհիմն ու սուտ մեկնաբանությունները եւ ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է նման իրադրության մեջ: Հենց նույն օրը կայացած բանակցությունների արդյունքում «Արմավիայի» չվերթները վերականգնվել են:



























