Ռուսաստանը պատրաստ է համաձայնեցնել ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւը Սիրիայի մասին հինգ սկզբունքների հիման վրա, որ համաձայնեցվել են Արաբական երկրների լիգայի հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Նա նշել է, թե Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները միայն հակամարտության սրման են հանգեցնում: «Վարչախմբի փոփոխության միարժեք պահանջները, միակողմանի պատժամիջոցները, որ միտված են երկրում տնտեսական բարդություններ եւ սոցիալական լարվածություն հարուցելու, ընդդիմությանն աջակցելը իշխանության դեմ պայքարում, զինված պայքարի եւ, անգամ, ռազմական միջամտության կոչերը ռիսկային բաղադրատոմսեր են, որոնք հակամարտության սրման կբերեն»,- Լավրովի խոսքերն է մեջբերում «Ռոսբալթը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի եւ Արաբական երկրների լիգայի արտգորնախարարները մարտի 10-ին Կահիրեում ստորագրել են հինգ կետից բաղկացած փաստաթուղթ, որով պահանջում են վերջ դնել բռնություններին, մոնիտորինգի մեխանիզմ ստեղծել, չխոչընդոտել մարդասիրական օգնություն հասցնելուն, աջակցել ՄԱԿ-ի առաքելությանը:




























