Ամերիկյան Caterpillar կորպորացիան` լեռնահանքային, շինարարական եւ այլ տեխնիկայի խոշորագույն արտադրողը CeBIT 2012 ցուցահանդեսում ներկայացրել է …սմարթֆոն: Նորույթը կոչվում է CAT B10 եւ ավելի շուտ հիշեցնում է աղյուս:
Ինչպես հայտնում է Ferra.ru-ն, սմարթֆոնի հաստությունը 2,5 սմ է, կորպուսը սպառազինված է ռետինե ծածկույթով` հարվածների դիմակայելու համար: 3,2 դյույմանոց սենսորային էկրանը պաշտպանված է Asahi Glass-ով, իսկ սարքավորումը, այն մշակողների հավաստմամբ, կարող է մեկ մետր խորությամբ ջրի տակ պահպանել աշխատունակությունը:
Սարքը պաշտպանված է փոշուց, ջերմաստիճանների տատանումից, ստատիկ էլեկտրականությունից եւ այլ գործոններից:
Սմարթֆոնի վրա տեղադրված է Android 2.3.5 Gingerbread համակարգը, սմարթֆոնը վաճառքի կհանվի երկրորդ եռամսյակում 379 դոլար արժեքով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանում աճում է հետաքրքրությունը աշխարհում խոշորագույն հանքարդյունաբերական տեխնիկա արտադրող Caterpillar ընկերության արտադրանքի նկատմամբ: Օրինակ, միայն Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը 5 տարում գնել է ավելի քան 30 միավոր տեխնիկա, ընկերության արտադրանքի նկատմամբ հետաքրքրություն են ներկայացնում նաեւ մյուս հանքերը` Թեղուտ, Ախթալա, Ղափան, Սոթք, Սագամար եւ այլն: Սպասվում է, որ երկաթի հանքավայրերի շահագործումը բացառապես կիրացվի ամերիկյան տեխնիկայով:
Caterpillar-ի տարածաշրջանային մենեջեր (ԱՊՀ-ի Արեւմտյան մաս) Ալեքսանդր Մազմանյանը ասել էր, որ համաշխարհային մակարդակով հանքերում օգտագործվող տեխնիկայի 70 տոկոսը Caterpillar ընկերության արտադրանքն է:




























