ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի ժամանակ Հյուսիսային եւ Հարավային կորեաների ներկայացուցիչների միջեւ ծեծկռտուք է եղել:
Ինչպես հաղորդում է «AFP»-ին, պատճառը Հյուսիսային Կորեայում մարդու իրավիճակի վերաբերյալ գնահատականներն էին: ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարզուկի Դարուսմանն իր զեկույցում հայտարարել է, որ մարդու իրավունքները ԿԺԴՀ-ում պատշաճ կերպով չեն պահպանվում, իսկ 2011 սեպտեմբերից մինչեւ 2012 թ. հունվարը նկատվել է իրավիճակի վատթարացում:
Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը զեկույցը համարել է «թխված» եւ կոչ է արել դադարեցնել Դարուսմանի լիազորությունները: Այնուհետեւ ամբիոնին են մոտեցել ԵՄ-ից եւ Ճապոնիայից զեկուցողները, ովքեր եւս քննադատաել են ԿԺԴՀ-ում իրավիճակը: Երբ ճապոնացի զեկուցողն ավարտել է ելույթը, Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը լքել է դահլիճը:
Հենց դուրս գալու ժամանակ էլ տեղի է ունեցել ծեծկռտուքը: Որոշ ականատեսներ պնդում են, որ փհենյանցի զեկուցողների հետ փորձել են վեճ սկսել Հարավային Կորեայի ներկայացուցիչները: Վիճաբանության մասնակիցներից մեկին պահպանության ծառայությունները ձերբակալել են:
Նշենք, որ Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքներն ավելի շատ այդ հասկացության պատճենն են: Այստեղ բնակիչները զրկված են սահմանն ազատ հատելու իրավունքից, խոսքի եւ դավանանքի ազատությունը սահմանափակված է, տեղեկություններ կան, թե երկրում գոյություն ունեն համակենտրոնացման ճամբարներ:



























