Հունաստանի եւ Թուրքիայի սահմանին հարկավոր է պատ կառուցել` ապօրինի ներգաղթյալներ հոսքը Եվրամիություն կրճատելու համար: Այս մասին BFM TV հեռուստաալիքի եթերում մարտի 12-ին հայտարարել է ֆրանսիական միգրացիոն OFII ծառայության ղեկավար Առնո Քլարսֆելդը` մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վերջին հայտարարությունները Շենգենյան համաձայնագրից Ֆրանսիայի հնարավոր ելքի մասին:
«ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ ամբողջ սահմանի երկայնքով գոյություն ունի պատնեշ, որը միշտ հսկվում է: Դա հարկավոր է անել նաեւ Եվրամիության սահմաններին, Հունաստանում: Պետք է հնարավորություն լինի չթույլատրելու բոլոր ցանկացողներին, այլ որոշելու, թե ում թողնել», - ասել է Քլարսֆելդը` ընդգծելով, որ խոսքը սովորական փշալարերով պատի մասին է: «Հռոմը պատվարված էր պատով, եւ խաղաղությունը շարունակվեց չորս դար», - Քլարսֆելդի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ նովոստին»:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին սպառնացել է, որ Ֆրանսիան կդադարեցնի մասնակցությունը Շենգենյան համաձայնագրերին, եթե ներգաղթի դեմն առնելու համար Եվրամիության սահմաններն ամրապնդելու հարցում առաջընթաց չգրանցվի:
Ավելի վաղ Սարկոզին հայտարարել էր Ֆրանսիայի տարածք ամեն տարի ներգաղթողների թիվը կրկնակի նվազեցնելու մտադրության մասին` հասցնելով այն 100 հազարի:
Նախորդ տարվա հունվարին ապօրինի ներգաղթյալների հզորագույն ալիքը Հյուսիսային Աֆրիկայից ներխուժեց Եվրոպա:
Փախստականներն սկսեցին ժամանել Հին աշխարհ` հյուսիսաֆրիկյան մի շարք երկրներում հեղափոխություններից հետո:




























