Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում  2011-ի  մարտին ձերբակալված Ահմեդ Շըքը, Նեդիմ Շեները եւ եւս 2 լրագրող ազատ են արձակվել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 16-րդ դատարանի որոշմամբ «Էգենեկոն»-ի շրջանակներում OdaTV-ի գործով ձերբակալված 4 լրագրողների ազատ արձակել` հաշվի առնելով նրանց կալանքի տակ գտնվելու ժամկետը եւ այն որ նրանց նկատմամբ մեղադրանքը կարող է փոխվել:

Բանտից դուրս գալու ժամանակ Նեդիմ Շեները, ով Հրանտ Դինքի սպանության մասին գիրք է գրել, հայտարարել է, թե իրենց ամբողջ նպատակն է` չթողնել Հրանտ Դինքի արյունը գետնին թափված մնա: «Ասացի «Հրանտի համար, արդարության համար» եւ բանտ մտա եւ նույն խոսքերն եմ ասում բանտից դուրս գալուց: Իմ առաջին լուրը լինելու է Հրանտ Դինքի հետ կապված»,-ասել է Նեդիմ Շեները:

Նեդիմ Շեների հրատարակած «Դինքի սպանությունը եւ հետախուզության ստերը» գիրքը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, որի պատճառով լրագրողի դեմ ոստիկանությունը դատական հայց էր ներկայացրել, սակայն դատարանը ի վերջո արդարացրել է նրան։