ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան չի բացառել, որ Աֆղանստանում ջարդ կոտորած կազմակերպած ամերիկյան զինվորին կարող են մեղադրանքներ ներկայացվել, որոնց դեպքում  հասնում է մահապատիժ: 

Ըստ Պենտագոնի ղեկավարի ` սա առաջին դեպքը չէ, եւ , հնարավոր է, ոչ վերջինը, եւ ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ, որ նման դեպքերը վարկաբեկեն երկրի ռազմավարությունը կամ առաքելությունը, հայտնում է «Ռոսբալտը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Աֆղանստանում ծառայություն իրականացնող ամերիկյան զինվորը մարտի 10-ին դուրս է եկել երկրի հարավում գտնվող ռազմակայանի սահմաններից եւ սկսել է կրակել խաղաղ բնակիչներին: Հրաձգության արդյունքում զոհվել է 16 խաղաղ բնակիչ, եւս հինգը վիրավորվել է: Ավելի ուշ նախագահ Համիդ Քարզայը հայտարարել էր, որ սպանվածների շարքում եղել են 9 երեխա եւ 3 կին:  Նա հայտարարել էր, որ տեղի է ունեցել անմեղ քաղաքացիների կանխամտածված սպանություն, եւ այն չի կարող ներվել:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խորը ցավակցություն է հայտնել ողբերգական իրողության  հետ կապված, իսկ Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցները նախազգուշացրել են ամերիկացի քաղաքացիներին  վտանգի մասին: Թալիբները երդվել են վրեժ լուծել խաղաղ բնակիչների մահվան համար եւ ոչնչացնել «հիվանդ ամերիկյան վայրենիներին», իսկ աֆղանական խորհրդարանը մեկօրյա գործադուլ է հայտարարել: Աֆղանական խորհրդարանականները չեն հավատում, որ զինվորը միայնակ է գործել: